«Այդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից». Փաշինյանը՝ ուղղաթիռով Սյունիք մեկնելու մասին
                                    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական ուղղաթիռով Սյունիքի մարզ է ժամանել, որովհետև չի կարող հրաժարվել օրենքով իրեն հատկացված պահպանությունից։
Փաշինյանն այս հարցին անդրադարձավ մարտի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ հնչած քննադատություններին։ «Սյունիքի մարզ եմ ժամանել ուղղաթիռով, Մեղրիից այստեղ էլ եկել եմ պետական մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ, որովհետև այդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա, և, նույնիսկ, չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր, և լինում են դեպքեր, երբ այդ ուղղաթիռը դատարկ թռցնում են, որ այն չփչանա։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    