Ռուսաստանը փորձում է գոհացնել և՛ Ասադին, և՛ Էրդողանին. Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Էրդողանը Մոսկվայում
Մարտի 5-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի շուրջ 6 ժամ տևած բանակցությունների արդյունքում կրկին հրադադար հաստատվեց Սիրիայի Հյուսիսում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:
ՌԴ ղեկավարը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որում շարադրված են այն որոշումները, որոնք ընդունվել են քննարկումների ժամանակ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը. բոլոր ռազմական գործողությունների դադարեցում՝ սկսած մարտի 6-ի կեսգիշերից, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցքի ստեղծում Սիրիայում և մարտի 15-ից համատեղ հերթապահության իրականացում М-4 մայրուղու երկայնքով: Փաստաթղթով Մոսկվան և Անկարան վերահաստատում են իրենց աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու վերաբերյալ և պայմանավորվում շարունակել վճռական պայքարն ահաբեկչության դեմ:
Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Իդլիբում իրավիճակի կարգավորման համար: ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը ողջունել էր Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածությունը Իդլիբի շուրջ՝ հույս հայտնելով, որ այս պայմանավորվածությունն իսկապես կծառայի իրավիճակի կարգավորմանը։ «Այս հակամարտության լուծման միակ ճանապարհը հրադադարի հաստատումն է ամբողջ երկրում և բանակցությունների միջոցով քաղաքական լուծումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն»,- ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Իրավիճակն Իդլիբում սրվել էր 2020 թ. հունվարից և հասել գագաթնակետին փետրվարի 27-ից սկսած, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ էին բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, որին հակահարված էին տվել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ էին հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով 36 թուրք զինվորական էր մահացել: Լարվածությունը շարունակվեց մինչ մարտի սկիզբ, երբ արդեն հայտնի էր Պուտին-Էրդողան հանդիպման պայմանավորվածության մասին։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցությունների արդյունքն ընդհանուր առմամբ կանխատեսելի էր, վատը չէր, բոլորն ակնկալում էին հրադադար՝ կանխատեսելով ավելի լայնածավալ բախումներ Իդլիբում ազդեցության գոտիների շուրջ։ Սակայն, ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ սրանք միջանկյալ պայմանավորվածություններ են և հեշտությամբ կրկին կարող են խաթարվել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ շատ ավելի բազմակողմ և բովանդակային առումով խորը, մանրամասն պայմանավորվածություններն են պահպանվել ընդամենը մի քանի ամիս։ Իսկ մարտի 5-ի արդյունքը, նրա խոսքով, բավականին համեստ էր։
«Այն, ինչ հայտնի է կոնկրետ հուշագրից, այն է, որ այս փուլում Ասադի զորքերը պահպանում են այն, ինչի կարողացել են հասնել վերջին մեկ ամսվա ընթացքում, իսկ Թուրքիան М-4 մայրուղու երկայնքով Ռուսաստանի հետ համատեղ վերահսկողություն է իրականացնելու, ինչն առանցքային հանգամանք է։ 6 կիլոմետրանոց անվտանգության գոտին նոր ժամանակավոր սահմանն է։ Առաջիկայում թուրքական աջակցությունը վայելող ուժերին Թուրքիան պետք է տեղափոխի մայրուղուց դեպի հյուսիս՝ այն շրջաններ, որոնցում ունի լիարժեք թուրքական ազդեցություն։
Սակայն կարծում եմ՝ բանակցությունների օրակարգը շատ ավելի ընդարձակ է եղել, և ամեն հարց չէ, որ տեղ է գտել հուշագրում։ Դատելով արդյունքներից՝ բանակցությունները միտված էին նաև նրան, որպեսզի հաստատեն, որ Ռուսաստանը և Թուրքիան խուսափում են միմյանց թիրախավորել Սիրիայի տարածքում՝ ժամանակավորապես նաև հրադադար հաստատելով։
Հասկանալի է, որ թուրքական կողմը կրկին փորձելու է պայմանավորվածություններ խախտել, սակայն կարծում եմ՝ դա հաշվի են առնում այս հակամարտության բոլոր կողմերը, և այս պահին լուծվեց ժամանակավոր խնդիր՝ ավելի մեծ խնդիրներից խուսափելու նպատակով, քանի որ վերջին իրադարձությունները բավականին վտանգավոր մասշտաբների էին հասնում»,- մեկնաբանեց վերլուծաբանը։
Ըստ նրա, թեև պաշտոնապես Ռուսաստանն աջակցում է Ասադին և Սիրիայի տարածքային ամբողջականությանը, այնպես չէ, որ այս գոտում Ռուսաստանն ու Թուրքիան շահեր բացարձակ չունեն։ «Կան նաև ռուս-թուրքական համատեղ շահեր Սիրիայում, ուստի, որքան էլ Ռուսաստանն աջակցում է Ասադին, փորձում է որոշակի հավասարակշռություն պահպանել՝ միևնույն ժամանակ Սիրիայի իշխանություններին, ինչպես նաև Թուրքիային ապացուցելով իր բացառիկ դերակատարությունը։ Թուրքիան ևս չի զրկվում իր դեմքից, ինչը կարևոր է, և համագործակցության դաշտ է տալիս»,- ասաց Եվսեևը։
Նրա կարծիքով, ցանկացած հրադադար կարևոր է հարևան տարածաշրջանների, այդ թվում՝ Անդրկովկասյան տարածաշրջանի, ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման համար։
Ինչ վերաբերում է Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Չավուշօղլու-ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ հանդիպմանն ու կարծիքներին, որ Թուրքիան ցանկանում է դերակատարություն ստանձել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում՝ գործելով Ռուսաստանի հետ զուգահեռ, Եվսեևն ասաց, որ սա նոր խոսակցություն չէ։ Նրա խոսքով՝ նման կանխատեսումների մասին շատ է խոսվել։ «Բայց ինչպես տեսնում ենք, որևէ նման միջամտություն, բացի Ադրբեջանին աջակցելուց, տեղի չի ունեցել»,- ասաց նա։
Իր հերթին՝ ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ մարտի 5-ի պայմանավորվածությունների արդյունքում մի շարք հարցեր բաց են մնում, ինչը վտանգավոր է և թույլ է տալիս ենթադրել, որ տարաձայնություններ են առաջանալու, թյուրըմբռնումներ և իրավիճակի ապակայունացում է լինելու մոտ ապագայում։
Նրա գնահատմամբ՝ գլխավոր ձեռքբերումը հրադադարի հաստատումն է։ «Հրադադարի վերականգնումից ժամեր անց հաստատվել է, որ այն գործում է լիրաժեքորեն, սակայն ավելի կարևոր է այն, թե ինչպես են պայմանավորվածության գոտիները լքելու զինյալները և որ գոտիներում են հաստատվելու, ինչպես նաև՝ ինչպես է իրականացվելու M4 մայրուղու վերահսկողությունը։ Իմ գնահատմամբ՝ սա շատ սահմանափակ և տվյալ պահին խնդիր լուծող հանդիպում էր իր արդյունքով։ Չեմ կարծում, թե այս պայմանավորվածությունները կլինեն կայուն և երկարատև»,- ասաց Մալաշենկոն։