Բուկլետները «ճպպցնելու» բումերանգը

Երեկ երևանյան մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրաքվեի քարոզարշավը հիշվեց ընդամենը մի միջադեպով, երբ երիտասարդ ուղևորուհին պատռեց ու վարչապետի վրա շպրտեց նրա տված բուկլետը:

Տհաճ էր, ինչ խոսք, սակայն գեներացված ատելությունը մի օր իր պտուղները տալու էր և արդեն սկսեց տալ: Պրոցեսն այլևս անշրջելի է, և դեռ ավելի արտառոց դրսևորումներ կարող են լինել:

Համաձայն լինելով այն տեսակետի հետ, որ դիմացինի հետ անհամաձայնությունն էլ պետք է շնորհքով արտահայտել, պետք է, այնուամենայնիվ, նշենք, որ այդ տեսակետը պետք է կենսունակ լիներ ու պարտադրվեր նաև 2018թ. ապրիլ-մայիսին, երբ նախկին իշխանությունների ներկայացուցիչների՝ ՀՀԿ-ականների դագաղներն էին պտտեցնում, նրանց ընտանիքների անդամներին էին ահաբեկում, այդ թվում՝ նաև անչափահաս երեխաներին, ծաղկեպսակներ էին դնում շենքերի մուտքերի մոտ, թաղումներ էին կազմակերպում, տարածվում էին ՀՀԿ-ական կին պատգամավորների հեռախոսահամարները, և այսօրվա «դաստիարակված» ու երեկվա միջադեպի հերոսին բզկտող երեկվա հեղափոխականներն ամենավերջին հայհոյանքներն էին հնչեցնում ու գրում նրանց հասցեին: Եվ միայն Մարգարիտ Եսայանի սպառնալիքը, թե ինքն էլ կարող է տարածել վարչապետի ընտանիքի կին անդամների հեռախոսահամարները, որոշակիորեն զսպեց համընդհանուր հոգեխանգարմունքը:

Միջադեպից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետև այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետև ապրում է և ապրելու է Ազատ և Երջանիկ Հայաստանում։ Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով։)»:

Իսկ հետաքրքիր է, ի՞նչ եղավ այն աղջկա հետ, ով Երևան քաղաքի այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գլխարկը 2015թ. հունիսի 23-ին հանել էր ու թքել մեջը:

«Եթե դուք բոլորդ խիզախություն եք համարում այդ աղջկա քայլը, ապա այդ աղջկան եկեք հերոսացնենք և հերոսի կոչում տանք»,- անդրադառնալով այդ արարքին՝ ասել էր Օսիպյանը, ու թեման դրանով սպառվել էր:

Այնպես որ, այնպես չէր, որ Սերժի ժամանակ քառատում էին ավելի սանձարձակ պահվածք ցուցաբերող քաղակտիվիստներին:

Այսօրվա «դաստիարակված սրբերը» մոռացել են նաև, որ իրենց աջակիցը սեփական վարտիքով էր փակում փողոցում տեղադրված լուսանկարահանող արագաչափը, ու դրա համար ևս ոչ ոք ոչինչ իրեն չարեց:

Կյանքը ցույց է տալիս, որ բումերանգի օրենքը ամեն դեպքում գործում է անխուսափելիորեն: Եվ երբ նախկին քաղակտիվիստ Նիկոլ Փաշինյանը իր ձեռքի բուկլետները շպրտում էր, իր բառերով՝ «ճպպցնում էր» նախագահ Սերժ Սարգսյանի մեքենայի վրա ու հպարտանում էր դրանով, պետք է մտածեր, որ մի օր էլ իրեն են վերադարձնելու իր արարքի մանրադրամը:

Այնպես որ, այսօր բարոյախրատական ճառեր կարդացողները ինչ-որ բան ասելուց առաջ կարող են ընդամենը որոնողական համակարգը մի քիչ փորփրել, ու միգուցե դրանից հետո կկորչի այդ ցանկությունը:

Բոլորովին չենք արդարացնում աղջկա արարքը, բայց երբ երկրում քաղաքական դիսկուրսի մակարդակը հավասարեցված է հողին, երբ հեղափոխությունից երկու տարի անց քաղաքական օրակարգդ այնքան սնանկ է, որ ամեն երկրորդ բառդ «նախկին»-ն է ու «կոռուպցիան», երբ հեղափոխությունից երկու տարի հետո հանրաքվե ես անում, որ մարդկանց գործից ազատես, բայց անունը դնում ես՝ «այո», ասենք, հեղափոխությանը, այն հեղափոխությանը, որը երկու տարի առաջ արվել, վերջացել է արդեն, երբ սեփական քաղաքացուդ հետ ազնիվ չես, երբ օրենքի բացահայտ խախտմամբ յուրաքանչյուր ամիս բազմամիլիոնանոց պարգևավճարներ ես տալիս նախարարներիդ ու պատգամավորներիդ, իսկ կենսաթոշակներն ու ուսուցիչների աշխատավարձը բարձրացնում 3000 դրամով, այն էլ՝ կրճատումների հաշվին, երբ չես ստանձնում ոչ սոցիալական, և ոչ էլ քաղաքական պատասխանատվություն, ու ամեն ինչ թողնում ես պայմանական ժողովրդի ուսերին, չպետք է զարմանալ մետրոյի երեկվա միջադեպից: Ցանածը հնձելու ժամանակը եկել է:

Չմոռանանք նշել, որ այսօր արդեն, ինչպես և կանխատեսվում էր, «մետրոյի աղջիկը» հայտարարվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից:

Տեսանյութեր

Լրահոս