Համաճարակաբանական իրավիճակն Արցախում կայուն-վերահսկելի է. կայացել է խորհրդակցություն
Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում այսօր՝ մարտի 6-ին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի և առողջապահության նախարությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների պատասխանատուների մասնակցությամբ անց է կացվել խորհրդակցություն՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:
Նա նշել է, որ վերջին շրջանում գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի պատճառով հանրապետության կրթական հաստատություններում իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ախտահանիչ աշխատանքներ, ջրի ծորակների ստուգում, հիգիենիկ պայմանների դիտարկում, ինչպես նաև հիվանդությունից պաշտպանվելու համար դպրոցներին են տրամադրվել ուղեցույցեր, որոնք կպցվել են տեսանելի հատվածներում: Ըստ նախարարի՝ հիվանդության շեշտակի աճ էր գրանցվել Ստեփանակերտում, իսկ շրջաններում վիճակն ավելի բարվոք էր:
Դիմելով դպրոցների, մանկապարտեզների, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև արտադպրոցական կրթական հաստատությունների ներկայացուցիչներին՝ Ն. Աղաբալյանը մասնավորապես ասել է. «Դասաժամի առաջին հինգ րոպեներն ուսուցիչը պետք է բացատրական աշխատանքներ իրականացնի երեխաների հետ՝ ներկայացնելով հիգիենայի կանոնների պահպանումը: Աշակերտներին և նրանց ծնողներին անհրաժեշտ է զգուշացնել, որ երեխան անպայման ապահովվի խմելու ջրով: Դասասենյակները պետք է պարբերաբար օդափոխել: Հիվանդ ուսուցիչները և երեխաները չպետք է հաճախեն դպրոց, քանի որ մեկ կամ մի քանի նման երեխաներ կամ ուսուցիչներ կարող են հանդիսանալ վարակի աղբյուր»:
Ն. Աղաբալյանը մանկապարտեզների տնօրեններին հորդորել է, որ ժամկետանց մթերքները չօգտագործեն որպես սնունդ, և այն անպայման դուրս գրեն իրենց աշխատակիցների ներկայությամբ:
Խոսելով դասապրոցեսների դադարեցման և բաց թողնված դասաժամերի լրացման մասին՝ նախարարը տեղեկացրել է, որ քննարկման և որոշման արդյունքում առաջիկայում դասերը կլինեն 40 րոպե տևողությամբ, իսկ առաջին դասարանցինների արձակուրդների մի մասը կտեղափոխվի՝ մարտի 25-ից ապրիլի 1-ը:
ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խոսելով գրիպի, սուր շնչառական վարակների և կորոնավիրուսի դեպքերի առկայության մասին, նա հավաստիացրել է, որ Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել:
Անդրադառնալով գրիպին և սուր շնչառական վարակներին՝ նախարարը նշել է, որ դրանք սեզոնային են և ամեն տարի, սկսած նոյեմբերից, հանրապետությունում լինում են նման իրավիճակներ:
«Իրավիճակը վերահսկելի է, և չպետք է հանրության շրջանում ավելորդ խուճապային տրամադրություններ ստեղծել: Ունենք ստեղծված օպերատիվ շտաբ՝ ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, և մշտապես վերահսկողության ներքո են գտնվում բոլոր այն քաղաքացիները, ովքեր մեկնել են այլ վայրեր՝ որտեղ գրանցված են կորոնավիրուսի դեպքեր: Նաև 30-ից ավել փորձանմուշներ ենք ուղարկել ՀՀ, որոնց պատասխանները բացասական են եղել: Մեր բուժաշխատողների մի խումբ այցելել է ՀՀ և ծանոթացել այդ աշխատանքների իրականացման ընթացքին: Ապահովված ենք ամեն ինչով՝ դեղորայքով և անհրաժեշտ պարագաներով: Ստեփանակերտի «Մետաքս կոմբինատ» ընկերության հետ կնքվել է պայմանագիր, և օրական արտադրում են շուրջ 1000 դիմակ. դրանք, անհրաժեշտության դեպքում, կտրամադրվեն քաղաքացիներին»,-մասնավորապես ասել է Ա. Բաղրյանը:
Խորհրդակցությանը մասնակից «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը և ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը ևս մեկ անգամ հորդորել են ուսուցիչներին, որպեսզի լինեն ուշադիր և հետևողական աշխատանքներ իրականացնեն դպրոցներում հիգիենիկ վիճակն ապահովելու գործում և թույլ չտան ջերմություն ունեցող, հազող կամ փռշտացող երեխայի կամ ուսուցչի ներկայությունը դպրոց:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի սանիտարական բժիշկ Էռնա Բաղրյանն էլ մասնակիցներին իրազեկել է, թե ինչ է իրենից ներկայացնում «կորոնավիրուս» հիվանդությունը և ինչպես պետք է այն կանխարգելել:
Խորհրդակցության վերջում կրթական հաստատությունների պատասխանատուները հանդես են եկել հարցադրումներով: