Ամեն մի փոքր կամ միջին տրամաչափի հարց մինչև Փաշինյանին չի հասնում, լուծում չի ստանում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած պետության զարգացման ընթացքը պայմանավորված է որոշակի գործոններով, որոնցից մեկն էլ արդյունավետ պետական կառավարումն է, որը պայմաններ է ստեղծում տնտեսության առաջընթացի եւ քաղաքացիների կենսապայմանների բարելավման համար։
Սակայն արդյունավետ պետական կառավարումն անհնար է պատկերացնել առանց արդյունավետ կադրային քաղաքականության, քանի որ պետական կառավարման համակարգն իրենից ներկայացնում է մարդկային ռեսուրսի մասնագիտական որակների կիրառումը։ Եվ որքան բարձր լինեն կառավարման օղակներում հայտնված կադրերի մասնագիտական որակները, այնքան արդյունավետ կգործի պետական համակարգը։
Այս առումով Հայաստանը միշտ բարձր որակավորում ունեցող կադրերի խնդիր է ունեցել։ Եվ մասնագիտական որակների հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաեւ կադրերի քաղաքական պատասխանատվության աստիճանը եւ փորձը։ Իսկ շատ հաճախ բազմաթիվ կադրեր բարձր պաշտոններ զբաղեցնելու հավակնություններ ունեն, սակայն իրենց որակներով չեն համապատասխանում առկա պահանջներին։
Սրան զուգահեռ՝ մեր երկրում չի ստեղծվում ժամանակակից կադրային բազա, կրթական համակարգն էլ հետ է մնում նորօրյա պահանջներից։ Համապատասխան կադրեր ձեւավորելու համար պետք է խրախուսվի մասնագիտական գիտելիքների եւ փորձի ձեռք բերումը, կադրերի ընտրություն կատարելիս առաջնահերթությունը տրվի նրանց մասնագիտական եւ մարդկային որակներին։
Իշխանափոխությունից հետո ակնկալիքներ կային, թե բոլոր պայմանները ստեղծվել են, որպեսզի կադրերի ընտրությունը տեղի ունենա ըստ պրոֆեսիոնալիզմի, սակայն ի հեճուկս հանրության այդ ակնկալիքների, վարչապետ Փաշինյանն իր կադրային քաղաքականությունը կառուցելիս առաջնահերթությունը տվեց բացառապես քաղաքական որոշումներին (կարեւորը «քայլած» լինեն), որի արդյունքում անփորձ եւ պետական կառավարումից գլուխ չհանող բազմաթիվ երիտասարդներ հայտնվեցին պետության համար առանցքային նշանակություն ունեցող պատասխանատու պաշտոններում։
Մի կողմից՝ հասկանալի էր, որ վարչապետը չէր կարող չգնահատել այն մարդկանց, որոնք շարժման օրերին սատարել եւ աջակցել էին իրեն, սակայն դա չպետք է նշանակեր, որ ովքեր «քայլել» էին իր հետ, պետք է բարձր պաշտոններ ստանալու ակնկալիքներ ունենային։ Ու հետո էլ Փաշինյանը բողոքում է, թե պետական համակարգում սաբոտաժ կա, այն արդյունավետ չի գործում, պրիմիտիվ տեքստեր են իրեն բերում եւ այլն։ Մյուս կողմից էլ Փաշինյանը թույլ չի տալիս, որ կառավարության անդամները եւ մյուս պաշտոնյաները մասնագիտական որակներ դրսեւորեն իրենց ոլորտներում։ Ամեն մի փոքր կամ միջին տրամաչափի հարց մինչեւ Փաշինյանին չի հասնում, լուծում չի ստանում։
Հանրության ուշադրությունը գրավելու մոլուցքով տարված՝ Փաշինյանը մեկնաբանում է ամեն մի խնդիր՝ առանց հաշվի առնելու, թե այն իր իրավասության ու «շկալայի» գոտում է, թե ոչ՝ սկսած զբոսաշրջությունից եւ թանգարաններ այցելություններից մինչեւ տնտեսական ցուցանիշներ եւ կորոնավիրուսի տարածման թեմա։
Բացի այդ, չի գործում կադրերի խրախուսման կոնցեպտը։ Բարձրաստիճան պաշտոնյաները, անկախ իրենց աշխատանքի արդյունքներից, պարբերաբար բարձր պարգեւավճարներ են ստանում։ Էլ ինչո՞ւ պետք է մոտիվացվեն աշխատանք կատարելու հարցում, միեւնույն է՝ գրեթե ամեն ամիս շռայլորեն պարգեւատրվելու են։
Ու բնական երեւույթ է, որ որոշ պաշտոնյաներ ժամանակի ընթացքում կարող են վարչապետի կողմից տարվող քաղաքականության հետ կապված իրենց անհամաձայնությունը հայտնել։
Այդպիսի տեսակետների բախում միշտ եղել է ու կլինի։ Սակայն զարմանալի է վարչապետի՝ պետական համակարգում դավաճաններ փնտրելու մոտեցումը։ Եթե ինչ-որ պաշտոնյաներ համամիտ չեն վարչապետի կողմից տարվող քաղաքական ուղեգծի հետ, կարող են չաշխատել ներկա կառավարության հետ, բայց ի՞նչ է նշանակում նրանց դավաճանի պիտակավորում տալը։
Ու այս պայմաններում վարչապետը փոխանակ ընդունի, որ իր կողմից կադրերի ընտրությունը եւ ոլորտում տարվող քաղաքականությունը ճիշտ ձեւաչափով չի կատարվել, դրա համար էլ դժգոհություններ են առաջացել հանրության շրջանում, փորձում է հասարակությանը համոզել, թե դա պետք է նորմալ ընդունել ու մի բան էլ իրեն համեմատում է Հիսուսի հետ, ինչպես հերթական անդամ եղավ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ։
Այնինչ, եթե վարչապետը թափանցիկ է աշխատում հանրության հետ, պետք է ազատվի իր անսխալականության բարդույթից, հասկանա, որ ինքը կադրերի ընտրության եւ մյուս հարցերում բազմաթիվ սխալներ է գործել եւ փորձի ուղիներ փնտրել դրանք ուղղելու համար։ Պետք է հաշվի առնել, որ մեծամտությունը ցանկացած իշխանությանը լճացնում է եւ դարձնում խոցելի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: