
ԵՀ-ն և Եվրախորհրդարանը սահմանափակել են աշխատանքը կորոնավիրուսով վարակված աշխատակցի պատճառով

Եվրոպայի պաշտպանական գործակալությունում (EDA) հաստատել են, որ աշխատակիցներից մեկի մոտ COVID-19 կորոնավիրուսի առկայության անալիզը դրական արդյունք է տվել: Այդ մասին մարտի 4-ին Բրյուսելում հայտնել է ԵՄ-ի ինստիտուտներին մոտ կանգնած EURACTIV ինտերնետ-ռեսուրսը։
Անունը չնշված աղբյուրի ասելով՝ խոսքը գործակալության բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, որն Իտալիա կատարած ուղեւորությունից վերադարձել է անցյալ շաբաթ: Ըստ պորտալի տեղեկությունների, EDA-ում որպես նախազգուշական միջոց մինչեւ մարտի 13-ը չեղարկվել են բոլոր խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին նրա հարկաբաժիններում: Գործակալությունը նաեւ որոշել է չեղարկել այդ նույն ժամկետում բոլոր աշխատակիցների մասնակցությունը արտաքին խորհրդակցություններին:
Նախազգուշական այս միջոցը հիմնվում է այն նոր ցուցումների վրա, որոնք ստացվել են ԵՄ-ի բժշկական հանձնաժողովի կողմից: Իտալիա ուղեւորությունից հետո վարակվածն անցյալ շաբաթ չորս ժամ տեւողությամբ խորհրդակցության է մասնակցել ԵՄ-ի այլ հաստատությունների մոտավորապես 30 պաշտոնատար անձանց հետ: Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության զինվորական շտաբի անդամներից մեկի մոտ, որը ներկա էր խորհրդակցությանը, ի հայտ են եկել տկարության ախտանիշներ, այժմ նա սպասում է թեստի արդյունքներին:
Ինչպես մարտի 4-ին Բրյուսելում «Ինտերֆաքս»-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, կորոնավիրուսի սպառնալիքի եւ Բելգիայում հիվանդությունների թվի ավելացման կապակցությամբ ԵՄ-ի բոլոր ինստիտուտները ձեռնարկել են նախազգուշական միջոցներ: Բելգիական իշխանությունները մարտի 4-ին հայտնել են, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25-ի: