«Անձնագրային անցման կետում որոշեցին, որ ինկուբացիոն շրջանն անցած կլինեմ, ու առանց որևէ տվյալ վերցնելու՝ բաց թողեցին». Արմինե Բադալյան
Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 28-ին Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ հենց այդ օրվանից արդեն համաշխարհային խուճապին միացավ նաև հայկական խուճապը: Այս մասին վկայում են դեղատներում դիմակների, որոշ դեղամիջոցների, ախտահանիչ նյութերի բացակայությունը կամ դիֆիցիտը, սուպերմարկետներից՝ մեծ քանակությամբ սննդամթերք գնելու դեպքերը։
Իշխանությունները նույնպես ստեղծեցին խուճապ, երբ իրարամերժ տեղեկություններ սկսեցին հայտնել կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի մասին՝ սկզբում տեղեկացնելով, թե փնտրում են նրան տեղափոխած տաքսու վարորդին, հետո ասելով, թե նա տեղափոխվել է նույն ինքնաթիռով ժամանած անձանցից մեկի հարազատի ավտոմեքենայով:
Հավելյալ խուճապի պատճառ էին հատկապես վիրուսի տարածվածությամբ երկրներից Հայաստան ժամանած տարբեր քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրները՝ անհրաժեշտ ուշադրության չարժանանալու մասին:
Վերջինի մասին մեզ հետ զրույցում խոսեց Չինաստանից օրերս ժամանած մեր համաքաղաքացի Արմինե Բադալյանը, որին զայրացրել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների ոչ պատշաճ կազմակերպումն օդանավակայանում:
168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց, թե Մոսկվայում ժամանողների հանդեպ բավականին խիստ հսկողություն է եղել, ինչը, սակայն, չի կարող ասել Հայաստանի համար.
«Մոսկվայում ժամանելիս բոլորիցս անխտիր թեստ էին վերցնում՝ բերանից ու քթի խոռոչից, կոնտակտներ, Մոսկվայում բնակության կամ հյուրանոցի հասցե էին հարցնում, որպեսզի արդյունքների մասին տեղեկացնեն։ Խրախուսում էին մնալ Մոսկվայում՝ անցկացնել ինկուբացիոն շրջանը, իսկ հրաժարվելու դեպքում պատասխանատվությունն ամբողջովին մեզ վրա էր։ Պետք է հավելեմ նաև, որ առաջին օրերին թեստը կարող է և վիրուսը ցույց չտալ օրգանիզմում։
Հայաստանում անձնագրային անցման կետում որոշեցին, որ արդեն որոշակի ժամանակ գտնվելով Չինաստանում՝ ինկուբացիոն շրջանն անցած կլինեմ, ու առանց որևէ տվյալ վերցնելու՝ բաց թողեցին: Հասկանալով, որ ինքս պետք է պատասխանատվությունը վերցնեմ ինձ վրա՝ ճամպրուկներս վերցնելուց հետո դուրս եկա ժամանման սրահից ու անմիջապես ուղևորվեցի դեպի տեղեկատու։ Այնտեղ աշխատող աղջկան բացատրեցի իրավիճակը ու խնդրեցի, որ կոնտակտներս իրեն թողնեմ։ Վերջինս շնորհակալություն հայտնեց, որ մոտեցել եմ իրեն, զանգահարեց համապատասխան բաժին, որտեղից էլ բժիշկ կանչեցին, որպեսզի տվյալների թերթիկ բերի ինձ համար»։
Անդրադառնալով վիրուսի վտանգներին՝ Արմինեն հավելեց, որ կարևորը հիգիենայի կանոնների պահպանումն է. «Դիմակը կարևոր է հատկապես վիրուսակիր երկրներից ժամանածների կամ վիրուսակիրների համար, ու եթե չկան դիմակներ, պետք չէ խուճապի մատնվել: Կարևոր է ձեռնոցները կրել` հատկապես գումարի հետ առնչվելիս, և արագ փոխել ձեռնոցները:
Մենք հիգիենիկ կանոնները պահպանող ազգ ենք. շատ եմ ճամփորդել, կարող եմ վստահեցնել, բայց առավել ուշադիր պետք է լինենք իմունային համակարգի հանդեպ. այն պետք է ամրացնել բնական միջոցներով՝ հաճախ օգտագործելով սխտոր, իմբիր, լիմոն: Ախտահանիչներ կարող եք պատրաստել ինքներդ՝ 80 տոկոս սպիրտ, 20 տոկոս ջուր համամասնությամբ: Օրվա ընթացքում պետք է առնվազն մեկ անգամ օդափոխել բնակարանները։ Հավելեմ նաև, որ բոլորիս քաջ հայտնի է, որ այս համաճարակը «վախենում է» տաքությունից ու արևից, եղանակները տաքանալուն զուգահեռ՝ ամեն ինչ անցյալում կլինի»։