«Հիվանդանոց դիմելու պահին երեխաներին ցուցաբերվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն». Մ. Մուսայելյան
Այսօր՝ մարտի 4-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:00-ին, բուժհաստատություն են ընդունվել մայրաքաղաքի Նոր-Արեշ փողոցի բնակիչներ 1992 թ-ին ծնված Ն. Լ.-ն և 1995 թ-ին ծնված Ն. Մ.-ն՝ շմոլ գազի թունավորումով, իսկ նույն ժամին «Արևիկ» մանկական բուժմիավորում են ընդունվել նույն փողոցի բնակիչներ 2014 թ-ին ծնված Մ. Մ.-ն և 2017 թ-ին ծնված Գ. Մ.-ն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ ոստիկանությունից՝ նշելով , որ իրենց համակարգի ծառայողը պարզել է, որ նշված անձինք շմոլ գազի թունավորումը ստացել են մարտի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում` իրենց տան բաղնիքում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Մեզ հետ զրույցում «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանն ասել է, որ երկու երեխաների վիճակը գնահատվում է բավարար:
«Հիվանդանոց դիմելու պահին երեխաներին ցուցաբերվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն. երկու ժամ անց երեխաները դուրս են գրվել»,-տեղեկացրել է Մ. Մուսայելյանը:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Արևհատ Ալեքսանյանն էլ մեզ տեղեկացրել է, որ հիվանդանոց դիմած երկու քաղաքացիների վիճակը բավարար է. նրանք ևս դուրս են գրվել: