«Ես սպասում էի, որ երկրում, իրոք, տեղի կունենա իշխանությունների բաժանում, տարանջատում». Ռուբեն Բաբայան

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, խոսելով հեղափոխության հռչակած արժեքների ու իրականության մասին՝ այսօր «Հեղափոխության հռչակած արժեքներն ու իրականությունը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ մեր հասարակության տարբեր շերտեր հեղափոխությունից տարբեր ակնկալիքներ ունեին:

Ըստ նրա՝ մի մասը սպասում էր, որ երթևեկության կանոնների խախտման տուգանքները կչեղարկվեին, մի մասը սպասում էր, որ հանրությունից հափշտակված գումարը կվերադարձվի և կբաժանվի հավասար, մի մասը սպասում էր, որ կսկսվեն Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերով դատավարություններ:

«Մի մասը, անձամբ ես, սպասում էի, որ այդ ամենի հետ մեկտեղ՝ նաև երկրում կսկսեն տեղի ունենալ որոշակի քաղաքակրթական փոփոխություններ: Անձերի փոփոխությունը ինձ շատ քիչ է հետաքրքրում, համակարգի փոփոխությունն է հետաքրքրում»,- ասաց Ռուբեն Բաբայանը՝ պարզաբանելով, որ քաղաքակրթական փոփոխություն ասելով՝ նկատի ունի որոշում կայացնելը, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել, և հասկանալը, թե ինչ երկրից ենք ուզում հրաժարվել:

Բաբայանի դիտարկմամբ՝ Հայաստանը երկար տարիներ, գուցե նաև այսօր, շարունակում է մնալ սովետական հանրապետություն, ու դա ոչ միայն՝ ղեկավարների, այլ հասարակության՝ ղեկավարներին որպես Կենտկոմի առաջին քարտուղար ընկալելու արդյունք է:

«Ես սպասում էի, որ երկրում, իրոք, տեղի կունենա իշխանությունների բաժանում, տարանջատում: Մեր երկիրը չունեցավ դեկոմունիզացիա, չվերլուծեց ու չտվեց սթափ գնահատական՝ ի՞նչ համակարգի մեջ է եղել երկիրը, որովհետև եթե մենք մեղադրում ենք միայն մարդկանց, մենք համակարգը չենք փոխում»,- վստահ է Ռուբեն Բաբայանը:

Ռ. Բաբայանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի ասել, որ շատ ավելի արդար է, ժողովրդավար դատարանների հանդեպ, քան իր նախորդը, բայց թե ինչ է լինելու հետո, ի՞նչ է ունենալու հանրությունը, եթե վաղը չլինի Նիկոլ Փաշինյանը, երաշխիքը չկա:

«Չէ՞ որ քո համակարգը, որի մեջ դու հիմա արդար ես, բացատրվում է միայն քեզնով: Բայց չէ՞ որ կյանքը չի վերջանում քեզնով: Քեզնից հետո գալու է ուրիշը, ի՞նչ ենք մենք ունենալու հետո, որտե՞ղ է այն երաշխիքը, որ երկրի ղեկավարը դատավորին չի ասի՝ այսպիսի որոշում կայացրեք: Այս երաշխիքը չկա»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Նա չի ժխտում, որ այսօրվա Սահմանադրական դատարանը վստահություն չունի, բայց Բաբայանը նաև չի տեսնում այն երաշխիքը, որ հաջորդ ՍԴ-ն լինելու է անկախ մարմին, որը որևէ ճնշման չի ենթարկվելու:

«Ինձ պետք է համոզել, որ ՍԴ-ն, եթե ստանա «այո» և ընտրվի, լինելու է անկախ մարմին: Եվ լինելու է անկախ մարմին ոչ թե՝ այն բանի պատճառով, որ այսօրվա վարչապետը չի խառնվելու, այլ, որ վաղը եկող վարչապետը ևս այդ հնարավորությունը չի ունենալու: Կա՞ այդ երաշխիքը: Եթե կա, թող բերեն, ասեն, ոչ թե ասեն՝ այդպես ենք ուզում: Ուզենալը քիչ է»,- նշեց Ռուբեն Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս