«Հետաքրքիր է՝ տուժողի իրավահաջորդների համար հասկանալի՞ է՝ ինչու չտրամադրվեցին գործի նյութերը»
«Մարտի 1-ի գործի հետհեղափոխական մարտահրավերները» տեղեկատվական կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերն անարդարացիորեն հենց առաջին օրից փորձեցին կապել իրենց հետ, տարիներ շարունակ հենց այդ գիծը տարան, և այսօրվա կազմակերպված միջոցառումը հենց նպատակ ուներ ցույց տալ, թե ինչ մանիպուլյացիաներով, ստերով, կեղծիքներով փորձեցին դա իրենց հետ կապել:
«Դրա համար առաջին հերթին ցավակցում եմ, և հույս ունեմ, որ, իհարկե, մի օր կբացահայտվի այս ամենը, որովհետև այն դատավարությունը, որի ականատեսն ենք մենք լինում հիմա, բազմիցս ասվել է, որ սա կապ չունի զոհերի մահվան հանգամանքները պարզելու հետ: Սա քաղաքական պրոցես է, որը կոնկրետ քաղաքական, անձնական նպատակ է հետապնդում՝ կալանքի տակ պահելու հորս»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Հարցին, թե երբևէ որևէ զոհի հարազատի հետ խոսե՞լ են արդյոք, Լևոն Քոչարյանը տվեց այսպիսի պատասխան.
«Ոչ, չեմ խոսել: Երբ սկսվեց առաջին դռնբաց դատավարությունն անցած տարվա մայիսից, ինձ լրագրողները հարցրին, թե արդյոք կա՞ նման ցանկություն: Ես ասացի, որ խնդիր չունեմ: Ես իրականում խնդիր չունեմ: Ինձ համար ցավալին այն է, որ հարցն այնպես է տրվում, որ ես պետք է ինչ-որ մեղավորություն զգալով՝ փորձեմ գնամ, ինչ-որ բան խոսեմ: Ժողովուրդ, ես, իմ ընտանիքը, հայրս էլ ոչ մի առնչություն չունենք այդ զոհերի հետ»: Երկրորդ նախագահի որդին հավելեց, թե հետաքրքիր է՝ արդյո՞ք իրենք փորձել են հարցեր ուղղել այսօրվա վարչապետին, թե ինչո՞ւ էր այն ժամանակ կոչեր անում զինվել, ապստամբել, ինչո՞ւ էր հրճվում, երբ ոստիկաններից խլվում էին վահանները, մահակները, ինչի՞ էր ասում՝ պետք է էսօր ազատվել «ղարաբաղցի տականքներից», լավ, վերջիվերջո, ինչո՞ւ թողեց-փախավ այդ օրը:
Լևոն Քոչարյանը նաև տարակուսեց, թե արդյոք մարդիկ չե՞ն տեսնում ուղիղ կապ զոհեր լինելու հանգամանքի ու այդ օրը ցույցերը ղեկավարողների գործողությունների միջև. չէ՞ որ, ըստ նրա՝ ակնհայտ է, որ մարդկանց միտումնավոր բախումների են տարել:
Խոսելով Մարտի 1-ի գործի ու իրենց ընտանիքի նկատմամբ հանրային տրամադրությունների փոփոխության մասին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ այս երկու տարիները լավագույնս են ցույց տալիս անցած տարիների այն բազմաթիվ կեղծիքները, որ արվել են և սլաքներ են ուղղվել տարբեր հարցերով՝ թե Մարտի 1-ի, և թե նաև այլ հարցերով:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության նպատակով նախկին վարչապետների կողմից երաշխավորություն ներկայացնելու փաստին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ վարչապետների հետ կա ձեռք բերված համաձայնություն, որ իրենք ներկայանալու են դատարան, և իր խորին շնորհակալությունը հայտնեց այդ մարդկանց այդ քայլին գնալու համար:
«Հաստատապես գիտեմ, որ նրանք էլ գիտեն, թե ինչ հարձակումների են ենթարկվելու իշխանամերձ շրջանակների կողմից»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ շեշտելով, որ դատարանից շատ ակնկալիք չկա, իհարկե, քանի որ Աննա Դանիբեկյանը գտնվում է «ահռելի ճնշման տակ»:
Լևոն Քոչարյանը հերքեց նաև լուրերն այն մասին, թե իրենք որևէ կապ ունեն սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի ճակատի հետ, չեն ֆինանսավորում ու առհասարակ որևէ առնչություն չունեն պրոցեսի հետ՝ հանրաքվեն համարելով ամբողջովին հակաիրավական, հակաօրինական գործընթաց:
Հարցին, թե ինչո՞ւ Վերաքննիչ դատարանը բավարարեց Դատախազության բողոքը, ինչո՞ւ իրենց չեն տրամադրվում գործի նյութերը ողջ ծավալով, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ նախ՝ դատավոր Արմեն Դանիելյանից այլ բան ակնկալելը միամտություն կլիներ, և բնական էր, որ նա բավարարելու էր Դատախազության վերաքննիչ բողոքը:
«Ինձ համար էլ է զարմանալի, և հետաքրքիր է, թե նույն տուժողի իրավահաջորդների համար արդյո՞ք հասկանալի է, թե ինչու ամբողջ նյութերը չեն տրամադրվում: Էդ ի՞նչ կա էդ նյութերի մեջ, որ իրենք ոչ մի ձև չեն ուզում, որ մենք ունենանք: Հարցեր է առաջացնում: Եթե գիտեք, վստահ եք, տրամադրեք: Ի՞նչ ունեք պահելու, որ ամեն գնով գործն էլ ընկավ Արմեն Դանիելյանի մոտ: Տվեք, մենք էլ նայենք, հասկանանք»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Վերջինս նշեց նաև, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին որևէ կերպ չեն միջամտում, փորձում է հետևել, որքան որ հաջողվում է:
Խոսելով այսօրվա կոնֆերանսին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին հրավիրելու մասին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ՝ հրավեր եղե՞լ է, թե՞ ոչ:
«Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ի սկզբանե մեղավոր են որոշել, չեմ կարծում, որ իրենց կողմից նման տրամադրվածության պայմաններում իմաստ ունի հրավիրել կամ ինչ-որ բան փորձել քննարկել: Իրենք տարիներ շարունակ մեղավոր են նշանակել, հիմա էլ գալիս են, դատարանում դիրքորոշում են հայտնում, չեմ կարծում, որ իմաստ ուներ նրանց հրավիրելը»,- եզրափակեց Լևոն Քոչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում