Բաժիններ՝

Կառավարությունը Մայր տաճարում կատարվող վերանորոգման աշխատանքները բարեգործական է ճանաչել և ազատել է հարկերից

Էջմիածնի Մայր տաճարում կատարվող վերանորոգման աշխատանքները բարեգործական ճանաչելու և հարկերից ազատելու մասին որոշումը կառավարությունը 2020թ. հունվարի վերջին հաստատել է:

Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը երկար ժամանակ այս հարցը ձգձգում էր, մինչդեռ, ըստ մամուլի հրապարակումների, բարեգործական  էին ճանաչվել «Բաց հասարակության հիմնադրամի» (Սորոսի) բոլոր ծրագրերը՝ 3 միլիոն դոլարից ավելի:

Երեկ  Մայր Աթոռ Ս. Էջմիածինը արեց համազգային հայտարարություն արեց՝ ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության:

168.am-ը փորձեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանից ճշտել՝ արդյո՞ք կա նախնական հաշվարկ, թե որքան գումար է անհրաժեշտ Մայր տաճարի հիմնանորոգման համար, ինչին պատասխան՝ նշվեց. «Ըստ ներկայիս նախահաշվի, որը կարող է փոփոխության ենթարկվել, որովհետև աշխատանքների ընթացքում բացահայտումներ են լինում և նոր աշխատանքների ծավալներ ստեղծվում (ինչը նորմալ է նման կառույցների վերականգնողական աշխատանքների համար) գումարը կազմում է շուրջ 11 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ»:

Մեր հակադարձմանը՝ արդյո՞ք դիմել են կառավարությանն այս հարցով, եթե, իհարկե, օրենքը կամ կանոնադրությունը թույլ է տալիս, Տեր Վահրամն ասաց, որ կառավարությանը դիմում չի ներկայացվել:

«Մայր Տաճարը պատկանում է ողջ հայ ժողովրդին, և ինչպես դարերի ընթացքում այն հոգ է տարել համայն հայության համար, այնպես և այժմ ողջ հայությունը, ճիշտ է՝ հոգ տանի մեր Սրբություն սրբոցի ամրակայման և պահպանության համար։ Այս էր պատճառը, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը նախաձեռնեց այս համազգային հանգանակությունը, որպեսզի յուրաքանչյուր հայորդի իր լումայով հնարավորություն ունենա մեր ժամանակներում մասնակից դառնալ այս օրհնյալ աշխատանքին, այլապես հնարավոր էր դիմում կատարել և մի քանի բարերարների, և կառավարությանը։ Պետական պատկան կառույցների կողմից զորակցություն ցուցաբերվել է Տաճարի վիճակի ուսումնասիրման և նախագծային աշխատանքների կատարման փուլում»,- եզրափակեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս