
Որքան է քրեական գործերով վերականգնված գումարը․ Փաշինյանը դժգոհ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ կրկին խորհրդակցություն էր անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը եւ հետագա քայլերը: Սակայն ներկայացնելով 2019 թվականի արդյունքները՝ Փաշինյանը նաեւ քննադատել է ներկաներին:
«Ժամանակն անցնում է, եւ մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները եւ ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը եւ կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես»,- նշել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով վիճակագրությունը, տեղեկացավ, որ 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331 մլն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան Հատուկ քննչական ծառայությունում նախորդ ընթացքում քննված գործերով վերականգնված գումարը՝ միասին վերցրած:
2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով:
Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողությունների շնորհիվ՝ 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին եւ անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: