Բաժիններ՝

«Վտանգ կա, որ մի օր «Air Cairo»-ն կարող է ուղղակի հեռանալ Հայաստանից.  նամակով դիմել ենք վարչապետին». Հռիփսիմե Ստամբուլյան

Ինչպես հայտնի է, 168.am-ը հրապարակումների շարք է ներկայացնում դասական ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ վեր հանելով ոլորտային խնդիրները, աշխատանքային բարդությունները՝ հատկապես կապված ՀՀ օդային տարածք լոուքոսթ ավիաընկերությունների մուտքի հետ: Այս անգամ ներկայացնում ենք տուրօպերատորների կարծիքը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում զբոսաշրջային շուկայում:

168.am-ի զրուցակիցը «ANRIVA-TOUR» տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանն է, ով նաև «Air Cairo» եգիպտական և օրերս Հայաստանի ավիացիոն շուկա մուտք գործած թունիսական «Nuevelair» ավիաընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

«Մեր գործակալությունում տոմսերի վաճառքի զգալի նվազում կա: Իհարկե, դա միայն լոուքոսթ ընկերությունների մուտքով չի պայմանավորված, ինչ-որ խուճապ կա, ու նաև սեզոնը պետք է հաշվի առնել, թեպետ հունվար-փետրվարն այս տարի, նախորդի համեմատությամբ, այդքան պասիվ չի եղել»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը՝ շեշտելով, սակայն, որ այնուամենայնիվ, իրենք հավասար մրցակցային պայմանների մեջ չեն գտնվում լոուքոսթերների հետ:

Խնդրեցինք մեկնաբանել, թե անհավասար մրցակցային պայմաններն ինչպե՞ս են պրոյեկտվում տուրիստական ընկերությունների վրա:

«Մենք, ներառյալ օդի հարկը, «Զվարթնոցում» վճարում ենք 50 դոլարի հարկ յուրաքանչյուր ուղևորի համար, բայց լոուքոսթերը, օրինակ, ավիատոմս է վաճառում 30 եվրոյով: Սա ի՞նչ է նշանակում: Դրան գումարած՝ մեզ մոտ՝ Հայաստանում, նավթն էլ է ավելի թանկ»,- ասաց զբոսաշրջային ընկերության տնօրենը:

Նա նաև նշեց, որ իրենք 2017-ից՝ Հայաստանում, իսկ այս տարվա հունվարի 22-ից՝ արդեն նաև Վրաստանում, հանդիսանում են «Air Cairo»-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մեր ավիատոմսի ինքնարժեքը Վրաստանից, այն դեպքում, երբ Եգիպտոսը Վրաստանից ավելի հեռու է, քան Հայաստանից, 50 դոլար ավելի մատչելի է, քան Հայաստանում: Բացի էժան նավթից ու մնացած պայմաններից, այնտեղի նաև օդանավակայանի սակագներն են էժան: «Զվարթնոցի» սակագները նույն Փարիզի «Շառլ դը Գոլի» սակագներն են, և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը:

Զբոսաշրջային ընկերության տնօրենը նորմալ է վերաբերվում ՀՀ-ում լոուքոսթ ընկերությունների առկայությանը, բայց նաև նկատում է՝ երբ իրենք նրանց հետ գտնվում են ոչ հավասար մրցակցային պայմաններում, պայքարելն ուղղակի անհնար է:

Ըստ Հռիփսիմե Ստամբուլյանի՝ նախկինում՝ 2014 թվականից, «Air Cairo»-ն թռիչքներ էր իրականացնում Վրաստանից՝ շաբաթական կատարելով 6 թռիչք, սակայն իր ջանքերի շնորհիվ՝ 2017 թվականից իրենք նաև մուտք են գործել Հայաստան, և այնպես է ստացվել, որ Վրաստանից այժմ  կատարում են շաբաթական 1-2 թռիչք, իսկ Հայաստանից, օրինակ, անցած ամառ կատարվել է շաբաթական 6 թռիչք:

«Իսկ հիմա ավիաընկերությունն արդեն երկմտանքի մեջ է: Մտածում են՝ գուցե ավելի նպատակահարմար է Վրաստանից թռիչքների քանա՞կն ավելացնել, Հայաստանից ընդհանրապես դուրս գալ ու հայ ուղևորին կրկին Վրաստան տանել»,- ասաց «ANRIVA-TOUR» տուրիստական գործակալության տնօրենը՝ ընդգծելով, որ հակառակ իրենց պլանների՝ այժմ թռիչքների քանակը նվազեցրել են, ու վտանգ կա, որ մի օր ավիաընկերությունը կարող է ուղղակի հեռանալ Հայաստանից, այդ իսկ պատճառով ընկերությունը շատ ծախսեր իր վրա է վերցնում:

Մեր հարցին, թե թռիչքների քանակի նվազեցման հետ կապված՝ արդյո՞ք ունեցել են աշխատակիցների կրճատում, Հռիփսիմե Ստամբուլյանը պատասխանեց, որ այս պահին չունեն կրճատումներ, սակայն այս կերպ շարունակվելու դեպքում ստիպված են լինելու Վրաստանում գրասենյակ բացել, աշխատակիցներ վերցնել այստեղ գրասենյակի հաշվին:

«Նախորդ տարիներին՝ փետրվարի 16-ից սկսած, տեղերը գրեթե ամբողջովին վաճառված էին լինում, հիմա շատ վատ է վաճառվում»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը:

Հարցին, թե ի՞նչ վիճակ է տուրփաթեթների վաճառքի առումով, նա պատասխանեց. ««Ռյան Էյրը» ոչ միայն այդ հարկերից է ազատված, այլև հնարավորություն է տալիս, որպեսզի հաճախորդն ամբողջությամբ իրենից գնի, ու այդ փաթեթից էլ հարկ չի տալիս: Օրինակ, եթե նախկինում մենք տոմսերը վաճառում էինք «Էյր Ֆրանսով», կամ «Էգեյանով», կամ մյուս եվրոպական ավիաընկերություններով, այդ տոմսից հարկ էինք վճարում, հաճախորդը դիմում էր, փաթեթ էր գնում: Հիմա փաթեթների համար էլ են շատ քիչ սկսել դիմել, որովհետև նախ՝ տոմսերը գնում են, բայց դեսպանատանը տեղ չի լինում, չեն կարողանում վիզա ստանալ: Բացի դրանից, ինքս չեմ համարձակվում օնլայն «Ռյան Էյրի» տոմս վաճառել, քանի որ հաճախ ականատես եմ եղել Եվրոպայում նրանց հետ կապված խնդիրներին, և որևէ հարց առաջանալու դեպքում հաճախորդին ես եմ պատասխան տալու, քանի որ գիտեմ, որ այդ լոուքոսթերը հատուցում չի տալիս»:

Որպես օրինակ՝ նա վկայակոչեց, թե երբ, օրինակ, «Air Cairo» ավիաընկերությունն է ուշացում ունենում, իրենք մարդկանց հյուրանոց են տրամադրում, ապահովում են սնունդով, բայց «Ռյան Էյրի» պարագայում՝ չգիտես, թե հետո ում պետք է դիմես:

««Air Cairo»-ն կամ որևէ այլ դասական ավիաընկերություն այստեղ գրասենյակ են բացում, ունենում են բավականին թվով աշխատակիցներ, «Ռյան Էյրի» դեպքում այդքան աշխատակիցներ չկան: Մեզ մոտ բոլոր աշխատակիցները բարձր աշխատավարձերով գրանցված աշխատողներ են, մենք խոշոր հարկատու ենք, բայց ստացվում է, որ այս պահին մենք թռչում ենք, մի կերպ պահում ենք մեր աշխատողներին, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը:

Հարցին էլ, թե իրենց հուզող խնդիրներով ո՞ւմ են դիմել, ընկերության տնօրենը պատասխանեց, որ նամակով դիմել են վարչապետին, սպասում են արձագանքի, և հույս ունեն ազատվել գոնե օդի տուրքից, թեպետ չգիտեն, թե դա որքանով կօգնի իրենց:

«Լոուքոսթերը շատ լավ բան է, բայց այն լավ բան է կայացած շուկայի համար, որտեղ նախ մեծ է բնակչության թիվը: Մեր ավիացիոն շուկան կայացած չէր: Եվ, ի վերջո, սովորաբար լոուքոսթերները երկրորդային օդանավակայաններ են թռչում: Եթե սա էլ թռչեր Գյումրի, միգուցե այս խնդիրը չառաջանար»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը՝ հավելելով, որ Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ էլ են հանդիպել, սակայն վերջինս ասել է, որ օդի հարկից ազատել չի կարող, քանի որ «Air Cairo»-ն 3 տարի թռչում է և նոր ուղղություն չի կարող համարվել:

Հռիփսիմե Ստամբուլյանը տեղեկացրեց, որ օրերս նոր ավիաընկերություն են բերել Հայաստան՝ «Nuevelair»-ը, և թռիչքներ են իրականացնելու Թունիս:

«Առհասարակ կանոնավոր թռիչքներով էինք պատրաստվում շուկա մուտք գործել, բայց երկու երկրների միջև համաձայնագիրը դեռ չկա: Այս տարի չարթերով մտանք՝ նպատակադրված լինելով, որ մյուս տարի պետք է կանոնավոր թռիչքներ իրականացնենք: Քանի որ եթերով շատ էի լսել, որ նոր ուղղությունների համար օդի տուրք չի լինելու, լինելու են զեղչեր, այդ հաշվարկներով էլ պայմանագրերը կնքեցի, սակայն հետո պարզվեց, որ օրենքում ամենևին այդպես չէ: Ըստ օրենքի՝ պետք է պարտադիր ամբողջ տարին թռչել, սակայն դա ռիսկային է, երբ շուկայում կա լոուքոսթեր, և շատ վտանգավոր է ասել, որ կթռչեն ամբողջ տարին, երբ դեռ նոր են սկսում իրականացնել թռիչքներ»,- ասաց «Nuevelair»-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ այս պահին թե թռիչքների քանակն է նվազեցրել՝ հասցնելով մեկի, և թե թռիչքների ժամանակն է տեղափոխել ապրիլից՝ հունիսի 29-ը, այն էլ՝ փորձնական:

Հռիփսիմե Ստամբուլյանը պնդում է՝ նոր ավիաընկերություն բերելը բարդ գործընթաց է: Նա տեղեկացրեց, որ «Nuevelair»-ը բերելու համար ինքը 1.5 տարի աշխատել է, փորձել է այնպես անել, որ հայ ուղևորի համար հնարավորինս քիչ խնդիրներ առաջանան, որպեսզի, օրինակ, ուղևորը վայէջք կատարի և կարողանա առանց վիզայի մտնել Թունիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս