ԼՂ հակամարտության գոտում էսկալացիայի ռիսկերի նվազեցման հստակ մոտեցումներ կան, որոնք, պնդում են, որ կյանքի կոչվեն. Զոհրաբ Մնացականյան

«Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու ռեալ պրոգրես ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում»,- այս մասին Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստից հետո սահմանային իրավիճակին, որի հետևանքով զինվոր էր վիրավորում ստացել:

Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ ցանկացած միջադեպ մտահոգիչ է: Նրա խոսքով՝ ռիսկերի նվազեցման տարրը կարևորագույն տարրերից մեկն է բանակցային փաթեթի մեջ: Մնացականյանի պնդմամբ՝ Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու ռեալ պրոգրես բանակցային գործընթացում:

«Մենք ունենք կարևոր ձեռքբերում՝ 2019 թվականի ընթացքում ավելի նվազ էսկալացիայի պատկեր է: Լավ օրինակ ունենք, երբ օգտագործվում է ուղիղ գիծը, դժվարանում եմ նույնիսկ ասել՝ նվազ, քանի որ եղել են զոհեր, և դա ասում եմ համեմատական առումով, եղել է ավելի նվազ, էական է պահպանել նվազ ռիսկերը, և այստեղ, բնականաբար, անհրաժեշտ է լինելու հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել, սա մտահոգիչ ու անընդունելի է, շատ հստակ առաջ ենք տանելու այն օրակարգը՝ կոնկրետ առաջարկներով իրականացնելու միջոցառումներ, որոնք վերաբերում են ռիսկերի նվազեցմանը, միջոցառումներ, որոնք բխում են թե նախկինում ձևավորված առաջարկներից և մոտեցումներից, թե ներկայումս: Շատ հստակ մոտեցումներ կան, մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է կյանքի կոչել»,- ասաց Մնացականյանը:

Խոսելով Իսրայել-Պաղեստին «դարի գործարքից», նախարարն ասաց, որ Հայաստանը սատարում է պաղեստինյան հիմնահարցի կարգավորումը երկու պետության սկզբունքի հիման վրա և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերին: «Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջոցով անկախ պետության ստեղծման ձգտմանը: ՀՀ-ն առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, ինչը պայմանավորված է Սուրբ քաղաքում հայկական դարավոր ներկայությամբ, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայ Առաքելական եկեղեցին սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է: ՀՀ-ն դիտում է Արևելյան Երուսաղեմը՝ որպես 1967թ. գրավված տարածքների մի մաս, և գտնում է, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ բոլոր կողմերի միջև բանակցությունների արդյունքում»,- ասաց Մնացականյանը:

Պատասխանելով հարցին, թե դիտարկվո՞ւմ է արդյոք Իտալիայում կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված օդային հաղորդակցության ժամանակավոր կասեցումը, Մնացականյանն ասաց, որ կորոնավիրուսը մարտահրավեր է բոլոր երկրների համար, համագործակցային միջոցով գտնել ճանապարհներ վերահսկելու իրավիճակը և կանխարգելել, հաղթահարել այս վարակը՝ մեզ համար կարևորագույն մոտեցում է:

Նրա փոխանցմամբ՝ այս ընթացքում սերտ աշխատել են Չինաստանի հետ, հիմա աշխատում են Իրանի հետ: «Այո, սա նույնպես մեր ուշադրությունից չի վրիպել, և այստեղ նույնպես գնահատում ենք՝ ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի նույնպես միասնաբար հաղթահարենք և պաշտպանված բնակչություն ունենանք, աշխատենք միասին՝ թույլ չտալու համար համաճարակի տարածում: Սա է ընդհանուր մոտեցումը: Հասկանում ենք, որ ժամանակի կորուստ չի կարելի թույլ տալ»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս