Տիգրան Սարգսյանի կառավարության որոշմամբ ստեղծված ընկերությունը լուծարվեց
Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում որոշեց լուծարել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ստեղծել «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողով։
Նշենք, որ «Հայկական միրգ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 2011 թվականի, նոյեմբերի 3-ին՝ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության որոշմամբ:
Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում պտղի և ընկուզենու արտադրությանն աջակցելու համար։
Կառավարության այսօրվա որոշման մեջ նշված է, որ այդ ծրագիրը 2016 թվականից ավարտված է, որևէ գործունեություն չի իրականացնում, եկամտի աղբյուր չունի, աշխատակազմն ազատված է աշխատանքից, բացառությամբ՝ տնօրենի և հաշվապահի:
Ընկերության 132136 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, որոնց կառավարման լիազորությունը վերապահված է Էկոնոմիկայի նախարարությանը:
Կանոնադրական կապիտալը կազմում է 660.7 մլն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն՝ ակտիվները կազմում են 81.2 մլն դրամ, ինչը հանդիսանում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը, այդ թվում՝ ք.Էջմիածին 1101, Իսի-Լե-Մուլինո N 1/5 հասցեում գտնվող շենքը՝ 59.0 մլն դրամ հաշվեկշռային արժեքով:
Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն.դրամ, պարտավորությունները՝ 11.6 մլն դրամ, որից 7.2 մլն դրամը՝ աշխատավարձի գծով:
Ընկերության վնասը հիմնականում գոյանում է աշխատավարձի և պետական բյուջեի հանդեպ հաշվարկվող համապատասխան հարկային պարտավորություններից:
Ընկերության հետագա գոյությունը հանգեցնում է միայն պարտավորությունների գումարների առաջացմանը և վնասի կուտակմանը, ուստի կառավարությունը որոշում ընդունեց այն լուծարել։