Մահացել է Արմեն Բունիաթյանը
Կյանքի 90-րդ տարում մահացել է Ռուսաստանի Պետրովսկու անվան գիտության եւ վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժնի ղեկավար, ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կենտրոնի մամուլի ծառայությունը:
«Երեկ 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ Արմեն Բունիաթյանը՝ ԽՍՀՄ-ի գլխավոր անեսթեզիոլոգը, ՌԳԱ-ի ակադեմիկոսը, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորը, Անգլիայի անեսթեզիոլոգների թագավորական քոլեջի անդամը, Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի անեսթեզիոլոգիայի ֆակուլտետի անդամը, Գերմանիայի անեսթեզիոլոգների ազգային ընկերության թղթակից-անդամը, ԱՄՆ-ի կրիտիկական վիճակների բուժման ընկերության թղթակից-անդամը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են կենտրոնում, Բունիաթյանն առաջիններից մեկն էր, որն սկսեց ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել անեսթեզիոլոգիայում: Բացի այդ, Բունիաթյանը 15 գրքի, յոթ գյուտի եւ 600-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք նվիրված են անեսթեզիոլոգիայի, կրիտիկական վիճակների, ինտենստիվ թերապիայի եւ արյան արհեստական շրջանառության ամենատարբեր խնդիրներին: Մամուլի կենտրոնը ճշտել է, որ ակադեմիկոսի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 21-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը: