
«Ակտիվ քարոզարշավ է լինելու». Ալեն Սիմոնյան

«Քանի որ քարոզարշավի ժամանակահատվածը շատ երկար է, չենք ցանկանում մարդկանց ձանձրացնել, ուստի ընտրել ենք ամենաճիշտ մարտավարությունը, և գնալով, կարծում եմ՝ կակտիվանա, կշատանա և դեպի ընտրության օրը քարոզարշավն ավելի կակտիվանա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա, յուրաքանչյուր քարոզարշավի ճիշտ տրամաբանությունն այն է, որ բուն քարոզարշավը սկսվի ընտրությանը մոտ օրերին։
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց. «Ակտիվ քարոզարշավ է լինելու, գնալու ենք մարզեր, քարոզարշավին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, և, ինչպես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էր հայտարարել, «Այո»-ի շտաբը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջից։