Բաժիններ՝

Մայրցամաքային Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է հազարը

Փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ մայրցամաքային Չինաստանի, Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 995-ի, հինգ դեպքում հիվանդության մահացու վախճան է արձանագրվել: Այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը։

Ընդսմին հրատարակությունը հաշվի չի առնում կորոնավիրուսով վարակման այն 14 նոր դեպքերը, որոնք հայտնաբերվել են Diamond Princess հանրանավից տարհանված ԱՄՆ-ի քաղաքացիների մոտ: Այսպիսով, հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 1009-ի: Ամենից շատ հիվանդներ են հայտնաբերվել Ճապոնիայի տարածքում՝ 619 դեպք, դրանցից 454-ը բաժին են ընկնում Diamond Princess-ի ուղեւորներին ու անձնակազմին, որը կարանտինի մեջ է գտնվում Իոկոհամայում: Թերթի հաշվարկների համաձայն, Ճապոնիային հաջորդում են Սինգապուրը (77 դեպք), Հոնկոնգը (60), Թաիլանդը (35), Հարավային Կորեան (30), Տայվանը եւ Մալայզիան (22-ական), Վիետնամը եւ Գերմանիան (16-ական), Ավստրալիան եւ ԱՄՆ-ը (15-ական), Ֆրանսիան (12), Մակաոն (10), Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մեծ Բրիտանիան (9-ական), Կանադան (8), Ֆիլիպինները, Հնդկաստանը, Իտալիան (3-ական), Ռուսաստանը եւ Իսպանիան (2-ական), Բելգիան, Կամբոջան, Ֆինլանդիան, Եգիպտոսը, Նեպալը, Շրի Լանկան եւ Շվեդիան (մեկական):

Փետրվարի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է կորոնավիրուսի դեմ պայքարում չափազանցված միջոցների կիրառումից: «Դա շատ լուրջ բռնկում է, եւ այն աճի ներուժի ունի, բայց մենք պետք է հավասարակաշռենք ձեռնարկվող միջոցները՝ հաշվի առնելով վարակված մարդկանց թիվը: Հուբեյի նահանգի սահմաններից դուրս համաճարակը ներառել է բնակչության միայն շատ փոքր բաժինը»,- հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների գծով ծրագրերի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս