««Այո»-ն բացառող ցանկացած մոտեցման կողմնակից եմ». Իրավաբանների խումբը վաղը կդիմի ԿԸՀ

Այսօր լրացավ Հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների «ՈՉ» քարոզչության կողմ գրանցվելու համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու ժամանակացույցով հաստատված ժամկետը:

Վաղը էստաֆետը կփոխանցվի քաղհասարակությանը. «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և գրանցվելու համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն ձևավորման պահից 3-օրյա ժամկետում:

«Ոչ»-ի ճակատ ձևավորելու նախաձեռնությամբ փետրվարի 13-ին հանդես էր եկել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, երբ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ «Ոչ»-ի ճամբարն իրենք չեն ձևավորելու: 168.am-ի հետ զրույցում Մելիքյանն ասաց, որ սահմանված ժամկետում փաստաթղթերը կներկայացնեն ԿԸՀ:

«Այսօր՝ փետրվարի 17-ին, դեռ պատգամավորների իրավունքն է գրանցվելու: Մենք բոլորս տեղյակ ենք այն որոշմանը, որը կայացրել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը, պատգամավորներից միայն նրանք կարող էին դիմել ԿԸՀ՝ «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու, քանի որ այդ իրավունքն ունեն Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորները, բայց օրենքի պահանջն է, պետք է սպասել մինչև փետրվարի 18-ը: Հետևաբար՝ դեռ չենք ներկայացրել դիմում, ներկայացնելու ենք վաղը: Վաղը կհրապարակենք նաև մեր ցանկը, առնվազն նրա առաջին հատվածը: Եթե ԿԸՀ-ն որոշի, հույս ունենք, որ այդպես կլինի, մեզ գրանցել՝ որպես «Ոչ»-ի քարոզչության կողմ, արդեն ամբողջ կազմը կհրապարակվի ԿԸՀ-ի կողմից»,- ասաց Մելիքյանը:

Այս նախաձեռնող խումբը բաղկացած է լինելու բացառապես իրավաբաններից, Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ դա եղել է իրենց որոշումը: Մեր հարցին, թե իր կարծիքով՝ «Այո»-ի քարոզչության կողմին կհաջողվի՞ անհրաժեշտ քանակի ձայներ հավաքել հանրաքվեի դրական արդյունքի համար, Մելիքյանը հրաժարվեց պատասխանել, փոխարենը՝ ասաց, որ ինքն ու մի շարք իրավաբաններ շարունակում են հակասահմանադրական համարել ապրիլի 5-ի հանրաքվեն:

«Հույս ունենք, որ Սահմանադրական հանրաքվեի արդյունքում որևէ բան չի փոխվի Սահմանադրության մեջ: Ես «Այո»-ն բացառող ցանկացած մոտեցման կողմնակից եմ»,- ասաց Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս