«Շատ խիստ կասկածում եմ, որ 650.000 «Այո» կհավաքվի». Իրավաբանը` հանրաքվեի մասին

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բովանդակային և ընթացակարգային առումներով հակասահմանադրական է, իսկ նպատակի առումով՝ հակապետական»,- ասում է «Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը՝ պնդելով, որ ոչ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու ընթացակարգը խախտվել է: Ըստ նրա՝ ԱԺ-ն հարցը հանրաքվեի դնելուց առաջ պետք է ստանար ՍԴ-ի դրական եզրակացությունը:

«Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Սահմանադրության՝ ԱԺ-ի կողմից փոփոխվող հոդվածները հնարավոր է հանրաքվեի դնել միայն այն դեպքում, երբ ԱԺ-ն այն չի ընդունում: Նախագիծը չընդունված համարելու համար ԱԺ պատգամավորների 2/3-ն առաջին ընթերցմամբ պետք է կողմ քվեարկեր փոփոխությունների նախագծին, իսկ երկրորդ ընթերցումից առաջ պետք է նախագիծն ուղարկեր ՍԴ: Որոշումը ստանալուց հետո, որի մեջ պետք է գրված լիներ, որ այդ փոփոխությունները չեն հակասում Սահմանադրությանը, այլ համապատասխանում են, ԱԺ-ն պետք է երկրորդ ընթերցում կազմակերպեր և մերժեր ընդունումը: Այդ ամենից հետո միայն հնարավոր էր հարցը դնել հանրաքվեի: Այս ընթացակարգը խախտվել է, և ԱԺ-ի որոշման իրավական հետևանքը պետք է լիներ ոչ թե հանրաքվեի դնելը, այլ առաջին ընթերցումը չանցնելու հիմքով փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանելը: Այսօր մեկնարկում է մի նախագծի քարոզարշավ, որը իրականում շրջանառությունից հանվել է»,- ասաց Գարեգին Պետրոսյանը:

Իրավաբանը, հղում անելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասին, պնդում է՝ ՍԴ դիմելն ԱԺ-ի ոչ թե՝ իրավունքը, այլ պարտականությունն է:
Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները պնդեցին՝ ՍԴ չեն դիմել, քանի որ դատավորներն այս գործում շահագրգիռ կողմ են: Իրավաբանը հակադարձում է, այդ դեպքում պետք է գործեր մեկ այլ մարմին, որը կստուգեր սահմանադրականությունը, եթե չկա, ապա պարտավոր էին ՍԴ դիմել:   Առաջարկվող փոփոխությունը կատարվելու է Սահմանադրության 213-րդ հոդվածում, որը սահմանում է դատավորների պաշտոնավարման ժամանակահատվածը: Գարեգին Պետրոսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փոփոխությունը կատարվում է անցումային դրույթ համարվող հոդվածում.

«Անցումային դրույթները կոչված են ապահովելու այլ դրույթների, հոդվածների անխափան կիրառումն իրակակիրառական պրակտիկայում: 213-րդ հոդվածով նախատեսված դրույթն իր գործողությունը սպառել է, երբ 2018-ի ապրիլի 9-ի առավոտյան ՍԴ պաշտոնավարող անդամները գնացել են աշխատանքի՝ որպես ՍԴ դատավորներ: Վերջ, այդ դրույթն այլևս սպառված է, և այդ դրույթում որևէ փոփոխություն կատարելն այլևս անտրամաբանական է»:

Պետրոսյանը հիշեցնում է, որ ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը նախատեսված են Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով և սպառիչ են.

«Մենք այնտեղ չենք կարող հանդիպել սահմանադրական փոփոխությունների միջոցով դատավորների լիազորությունների դադարեցման մասին դրույթ: Դա կհակասեր դատավորների անկախության և անփոփոխելիության սկզբունքներին»:

Հիշեցնենք՝ Սահմանադրական փոփոխությունները, որը նախաձեռնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, նախատեսում է, որ մինչև 2018-ի ապրիլի 9-ը՝ 2015թ.-ի սահմանադրական փոփոխություններով ընդունված Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ընտրված  դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն: Գործող Մայր օրենքով ՍԴ դատավորները պաշտոնավարելու իրավունք ունեն 12 տարի, մինչև այդ, օրինակ, ըստ 1995թ. Սահմանադրության ընտրվածները պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը (այդպիսիք ՍԴ-ում 2-ն են), 2005թ.-ի Սահմանադրությամբ նշանակվածները՝ մինչև 65 տարին լրանալը (այդպիսիք ՍԴ-ում 5-ն են):

Գործող 9 դատավորներից 7-ի լիազորություններն այս հանրաքվեի դրական ելքի դեպքում կկասեցվեն: Իրավաբան Գարեգին Պետրոսյանի կարծիքով՝ այս ամենի նպատակն օրվա իշխանությանը հլու-հնազանդ ծառայող ՍԴ ունենալն է:

«Կարծում եմ՝ սա արվում է, քանի որ Արցախի հարցում սպասվում են անցանկալի զարգացումներ, և դրանց վերաբերող համապատասխան միջազգային պայմանագրեր պետք է բերվեն ՍԴ, որոնք գործող կազմը հաստատ Սահամանադրությանը համապատասխանող չի ճանաչի, իսկ օրվա քաղաքական իշխանությանը պետք է դրանք Սահմանադրությանը համապատասխան ճանաչող ՍԴ: Կարծում եմ՝ Արցախի վերաբերյալ բանակցությունների հարցում ոչ հայանպաստ ընթացքը շատերին է տեսանելի: Նպատակների շարքում կա նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, Ռոբերտ Քոչարյանի գործը, և այլն»,- ասաց Պետրոսյանը:

Օրեր առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ հանրաքվեի համար պատրաստվում են ծախսել 2.7 մլրդ դրամ: Իրավաբանն այդքան միջոցներ ծախսելն անհիմն է համարում: Ինչ վերաբերում է «Այո»-ի հաղթանակին, Պետրոսյանը նշում է.

«Շատ խիստ կասկածում եմ, որ 650.000 «Այո» կհավաքվի օրինական ճանապարհով»:

Տեսանյութեր

Լրահոս