Բաժիններ՝

«Աշխատանք չունենք, օդով ենք ապրում, վարկերն էլ չսառեցվեցին, լավ էլ տաք-տաք տույժ-տուգանք է կուտակվում». Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի 165 աշխատակիցները ևս մեկ ամսվա աշխատավարձ են ստացել:

Հիշեցնենք, որ նրանք մոտ չորս ամիս աշխատավարձ չէին ստացել: Դեկտեմբերի 30-ին նրանց վճարել էին ոչ թե չորս, այլ մեկ ամսվա աշխատավարձը, իսկ մյուս մասը խոստացել են վճարել ավելի ուշ:

«Անցած շաբաթ ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարեցին, մնացել է երեք ամսվա աշխատավարձ՝ գումարած վերջնահաշվարկը: Աշխատանք չունենք, օդով ենք ապրում: Առայժմ սպասում ենք, հուսանք, որ լավ կլինի: Ալավերդիում այլ աշխատատեղ չկա, քաղաքը գործարանի հիման վրա է ստեղծվել: Թեղուտում էլ 600-ից 50 հոգի կարողացավ աշխատանք գտնել, մնացած էլ իրենց «գլխի ճարը» մի կերպ տեսնում են: Մեկը մյուսից պարտք վերցնելով՝ ապրում է»,- 168.am-ի հետ զրույցում ասացին գործարանի արդեն նախկին աշխատակիցները:

Նրանց փոխանցմամբ՝ վարկի սառեցման համար կազմված ցուցակն էլ հօդս է ցնդել:

«Մեր վարկերը չսառեցվեցին, լավ էլ տաք-տաք գնում են, տույժ-տուգանք է կուտակվում: Ցուցակ էին կազմել, թե ով, որտեղ, ինչքան վարկ ունի, որպեսզի քննարկվեր և լուծում գտնվեր՝ սառեցնել կամ տարաժամկետել, բայց ոչ մի բան չարվեց: Ինչ վերաբերում է աշխատավարձի մյուս մասի վճարմանը, ապա հարցը քննարկման փուլում է, հստակ չէ, թե երբ կվճարեն»,- հավելեցին նրանք:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը  փետրվարի 10-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Ալավերդու պղնձաձուլարանի հարգելի աշխատակիցներ, այս շաբաթվա ընթացքում կստանաք ընկերության՝ ձեզ պարտք մնացած ևս մեկ ամսվա աշխատավարձ։

Այսպիսով, ընդհանուր 4.5 ամսվա աշխատավարձի պարտքից մարված կհամարվի 2 ամսվա պարտքը, քանի որ նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին ևս մեկ ամսվա աշխատավարձ էր փոխանցվել։

Հիշեցնեմ, որ ընկերության նոր ղեկավարությունը (ղեկավարումը ստանձնել են 2019թ․ հոկտեմբերին) պատրաստ է պարտքն ամբողջությամբ փոխանցել աշխատակիցներին, քանի որ հաշիվների վրա կա բավարար գումար պարտքը մարելու համար։ Խնդիրը հիմնարկի սառեցված հաշիվներն ու դրանց վրա առկա կալանքներն են, որը նրանք ժառանգություն են ստացել նախկին տնտեսվարողից։

Մնացած 2․5 ամսվա պարտքի մասով աշխատանքներ են տարվում, որի արդյունքների մասին հընթացս կտեղեկացնեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս