Արսեն Բաբայանը պատրաստվում է զրպարտության համար դատի տալ Նիկոլ Փաշինյանին

«Կարծում եմ, որ սահմանադրական հանրաքվեից հետո, եթե իշխանությունները ստանան իրենց ցանկալի արդյունքը, ապա այս գործն այլևս իմաստ չի ունենա». ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը վստահ է՝ իր և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի նպատակն է՝ հանրությանը համոզել, թե իբր ՍԴ լիազորությունները նախկինները յուրացրել են.

«Երևի թե այդ ժամանակ մի հարմար պահի, երբ հանրությունն այլ թեմաներով զբաղված կլինի, այս գործը կփակեն, իսկ եթե չհասնեն ցանկալի արդյունքի, ապա պետք է սպասել լրացուցիչ չտրամաբանված գործողությունների»:

Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը անցնում են նույն քրեական գործով:  ԱԺ նախկին նախագահը մեղադրվում է իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը՝ իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Վերջերս հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը հետ է ուղարկել գործը ՀՔԾ՝ լրացուցիչ քննության: Ըստ դատախազության՝ նախաքննական մարմինը ճիշտ չի որակել մեղադրյալների կատարած արարքները: Դատախազի որոշմամբ՝ Արա Բաբլոյանին պետք է մեղադրանք առաջադրվի  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, իսկ Արսեն Բաբայանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու հոդվածով։

«Երեկ տեղեկացա, որ քննիչը առարկություններ է ներկայացրել Դատախազություն՝ կապված իշխանության յուրացման մեղադրանքի հետ: Դատախազությունը ասել էր, որ իշխանության յուրացում, օկուպացիա տեղի չի ունեցել, ինչը վարչապետը մի քանի անգամ հայտարարեց իր ասուլիսում, առավելագույնը գնացեք քննեք, տեսեք՝ իշխանության չարաշահում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Այն, ինչը ներկայացրել եք՝ որպես պաշտոնեական կեղծիք, դա էլ չեք կարողացել հաստատել: ՀՔԾ-Դատախազույթուն բանավեճի պատճառով ես շարունակում եմ մնալ մեղադրյալի կարգավիճակում»,- ասաց Արսեն Բաբայանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ցանկանում է, որ գործը հասնի դատարան, պնդում է՝ այդ պարագայում մեղադրող կողմի իրավաբանը ծիծաղելի իրավիճակում կհայտնվի.

«Ըստ ՀՔԾ-ի՝ Սահմանադրական դատարանի նախկին նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել ոչ թե մարտի 1-ին, այլ մարտի 5-ին: Սա որևէ աղերս չունի իրականության հետ, դա ապացուցվել է քրեական գործի նյութերով, փաստերով, ինչպես նաև Գագիկ Հարությունյանի մամուլում տված հարցազրույցով, որտեղ նա ասում է, որ իր հրաժարականը ստորագրել է ամսի 1-ին, որ կարողանան այս անհեթեթ միտքը զարգացնել, ՀՔԾ-ն փորձեց ներկայացնել, թե իբր այդ հրաժարականի դիմումը ԱԺ մուտքագրվել է ոչ թե մարտի 2-ին, այլ մարտի 5-ին, որևէ ապացույց գոյություն չունի, որ այդ փաստաթուղթը մուտքագրվել է ԱԺ-ում մարտի 5-ին, այլ հակառակը, կան ապացույցներ, որ փաստաթուղթը մուտք է եղել ամսի 2-ին: Նպատակն է՝ ցույց տալ, թե իբր, եթե փաստաթուղթը մուտքագրվեր ամսի 5-ին, իբր այն օրը, երբ դա ստացվել է, ապա Հրայր Թովմասյանը չէր կարող ընտրվել ՍԴ նախագահ մինչև 65 տարին լրանալու ժամկետով, այլ պետք է ընտրվեր նոր ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով: Ասում են, որ, եթե ամսի 5-ին դա մուտքագրվեր, ապա կգործեր ոչ թե 2016-ի ԱԺ կանոնակարգ օրենքը, այլ 2002-ի կանոնակարգ օրենքը: Քրեական գործում եղած փաստերը հաստատում են, որ նրանք, ովքեր պետք է որոշեին, թե որ օրենքը կիրառեն, մեկնաբանեին ուժի մեջ մտնելը, ի սկզբանե՝ հենց առաջին հայտարարությունից սկսած, կիրառել են 2016-ի օրենքը, հետևաբար՝ ժամկետների խնդիր չի կարող առաջանալ»:

Արսեն Բաբայանի խոսքով՝ ՀՔԾ-ն կարծում է, որ, եթե այսպիսի դեպք է տեղի ունեցել, ապա Բաբայանն ու մի խումբ անձինք յուրացրել են իշխանությունը՝ ՍԴ-ի լիազորությունը ՍԴ նախագահ ընտրելու, մինչդեռ ՍԴ-ն նման լիազորություն չուներ:

«Դատախազությունը ևս չի փայլում օրինականությամբ և գրագիտությամբ, քանի որ այս հանգամանքներում ինձ հետ կապված քրեական գործը գոյություն ունենալու իրավունք չունի: Այս գործը պետք է կարճվեր այն ժամանակ, երբ ուղարկել էին Դատախազություն՝ մեղադրանքը հաստատելու համար: Դատախազությունը պետք է դադարեցներ քրեական հետապնդումը, բայց որոշել են գնալ պասերով խաղերի, ժամանակ են ձգում:  Այս պասերով խաղը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հասկանան, թե ինչպես կարելի է ազատվել այս գլխացավանքից, որը իրենք ստեղծեցին իրենց համար: Այսինքն՝ գործից ինչ-որ կերպ պետք է ազատվեն»,- ասաց Բաբայանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բաբայանի խոսքով, թե՛ կապանյան ասուլիսի ժամանակ, թե՛ Գերմանիայում հարցուպատասխանի ժամանակ, խախտել է իր անմեղության կանխավարկածը:

«Ես օրենքով չարգելված բոլոր եղանակներով իմ իրավունքները պաշտպանելու եմ, հայտարարում եմ, որ ստիպված եմ  գնալ իրավական մեկ այլ գործընթացի՝ պաշտպանելու իմ վերաբերյալ զրպարտությունները, որն իրականացվում է ՀՀ վարչապետի կողմից:  Պատրաստվում եմ դիմել դատարան՝  պահանջելու ՀՀ վարչապետից, որ ԱԺ ամբիոնից հերքի իմ քրեական գործի հետ կապված իր հայտնած տեղեկությունները և ներողություն խնդրի»:

Տեսանյութեր

Լրահոս