«ԱԺ-ում սերը պակասում է. մարդիկ սիրո կարիք ունեն». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցը սկսեց Սիրահարների տոնը շնորահավորելով՝ նշելով, որ մարդկանց պետք է սիրեն նաև ընդդիմադիր եղած ժամանակ, չսպասելով, որ գան իշխանության նոր սիրեն։
«Սերն Ազգային ժողովում պակասում է, ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ սիրո կարիք ունեն, այդ պատճառով էլ մենք մեր լուսավոր սերը պետք է փոխանցենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Այնուհետև անդրադառնալով բանակում տեղի ունեցող վերջին դեպքերին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում բանակում, շատ մտահոգիչ է և անընդունելի։
«Մենք տարին սկսել էինք անվտանգության հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպումներով և այս հարցերը քննարկել ենք։ Ուզում եմ տեղեկացնել, որ շարունակելու ենք ուշադիր լինել և իշխանություններից պահանջել, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկեն, ամեն ինչ պետք չէ բարդել բարդերի ենթամշակույթի և այլնի վրա։ Պետք է շատ հետևողական աշխատանքներ տարվեն, որպեսզի այդ դեպքերը նվազագույնի հասցվեն և բացառվեն, մենք ուղղակի իրավունք չունենք ունենալու նման վիճակ»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը։