Բաժիններ՝

Բաբկեն Թունյանը հակածխախոտային օրինագծում տնտեսության համար էական ռիսկեր է տեսնում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացված հակածխախոտային օրինագծում տնտեսության համար էական ռիսկեր է տեսնում:

Բ. Թունյանն այս մասին ասաց ԱԺ նիստում նախագծի քննարկման ժամանակ։ Նախ՝ անդրադառնալով ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ իրենց առաջարկությունները նախագծում չընդգրկելու վերաբերյալ դժգոհությանը՝ Թունյանը նշեց, որ իսկապես եղել են նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փոփոխություններ կատարելու համաձայնություններ: «Սակայն երկրորդ ընթերցումից առաջ մենք տեսնում ենք, որ ավելի ենք խստացրել օրենքի նախագիծը: Բայց «Իմ քայլը» խմբակցությանը, հանձնաժողովին մի փորձեք կառավարության հետ կռվեցնել, որովհետև մենք մի թիմ ենք, այդ քննարկումները մեր ներսում ունեցել ենք, կունենանք և ունենում ենք: Տարբեր հարցերի շուրջ կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ: Ես գտնում եմ, որ այս տեսքով այս նախագիծը բիզնեսի, տնտեսության համար էական ռիսկեր է պարունակում»,- ասաց Թունյանը:

Նա շեշտեց, որ շատ բովանդակային քննարկումներ են եղել, հանձնաժողովում քննարկել են իրավական, տնտեսական ասպեկտները, միայն ծխողների իրավունքների մասին չեն խոսել: «Հակառակը՝ սա պետք է ծխողների և չծխողների թեմա չլինի, սա պետք է լինի առողջ մարդու թեմա: Եթե մենք մի քիչ ավելի կոշտ լինեինք, հավատացած եղեք, այնքան հիմնավոր փաստարկներ կբերեինք, որ նախագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացության կարժանանար: Մենք դրական եզրակացություն տվել ենք այն բանի համար, որ չենք ուզում այս նախագիծը տապալվի, չենք ուզում, որ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին »,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ շտկելու բաներ նախագծում միանշանակ կան:

Նա շեշտեց՝ ինքը ևս ասում է, որ ծխելը վատ բան է, սակայն պետք է հասկանան՝ այդ օրինագծով այդ խնդիրը լուծում են, թե ոչ, ինչ են շահում և ինչ կորցնում, ինչքանով է արդյունավետ վարչարարությունը, ինչքանով է այն հնարավոր լինելու իրականացնել: «Առողջ մարդն է տնտեսության մեջ մեծ արժեք ստեղծում, բայց առողջ մարդիկ լինում են միայն հարուստ երկրներում: Աղքատ երկրներում առողջ մարդիկ չեն լինում: Իսկ այդ հարստությունը ստեղծում են տնտեսավարողները: Իսկ եթե խոսում եք փողն ու առողջությունը հակադրելու մասին, ասեմ, որ ծխախոտային ինդուստրիան 2019-ին ավելի քան 120 մլրդ դրամի հարկեր է վճարել»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ պետք է առողջ, հավասարակշռված մոտեցում գտնել:

Եթե նախագիծն ուժի մեջ մտնի, Թունյանը միգուցե բոլոր խնդրահարույց դրույթների վերաբերյալ հանդես գա լրացուցիչ փոփոխությունների առաջարկներով: Նա նշեց՝ ժամանակ կունենան մանրամասն դիտարկել բոլոր ռիսկերը, բոլոր հետևանքները և հարկ եղած դեպքում կփոխեն դրույթները՝ մինչև դրանց ուժի մեջ մտնելը: «Եվ եթե որևէ մեկը մեզ մեղադրելու է առողջությունը վնասելու, ծխախոտային ինդուստրիայի շահերը պաշտպանելու մեջ, ի սկզբանե ասեմ, որ այդ մեղադրանքներն անհիմն են »,-ասաց Թունյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում նշել էր,  որ որպես պետական պաշտոնյաներ իրենք պարտավոր են առաջին հերթին մտածել քաղաքացիների առողջության անվտանգության մասին: «Սա, իհարկե, չի նշանակում, որ բիզնես շահերը պետք է որևէ կերպ անտեսվեն:  Բայց նժարի վրա դրված լինելով գումար, թե առողջություն, կարծում եմ, որ այստեղ այլընտրանք չկա»,-հավելել էր Մակունցը:

Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անկախ այդ օբյեկտների փակ կամ բաց լինելուց: ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019-ի դեկտեմբերի 10-ին: Այդ տարբերակով առաջարկվում էր արգելել ծխախոտի օգտագործումը հանրային փակ և կիսափակ տարածքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս