Բաժիններ՝

Ի՞նչ ազդեցություն կունենա կորոնավիրուսը Հայաստանի տնտեսության վրա

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելանում է: Վերջին տվյալներով՝ այն հասել է 1113-ի:

Շատ վերլուծաբաններ չեն բացառում Չինաստանի տնտեսության ճգնաժամային վիճակի առաջացումն ու համաշխարհային ճգնաժամի հնարավորությունը:

Իսկ որքանո՞վ ստեղծված իրավիճակը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի տնտեսության վրա:

Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ  խնդրին անդրադարձավ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա՝ աշխարհը մտահոգված է առկա զարգացումներով, բայց կա նաև լավատեսություն, որ դրանք հնարավոր է չափել:

Ըստ նախարարի՝ կորոնավիրուսը Չինաստանի տնտեսության վրա կարող է ունենալ ուղղակի ազդեցություն՝ նախապես կանխատեսած 6 տոկոս տնտեսական աճը, հնարավոր է, նվազի մինչև 4.5 տոկոս: Այդուհանդերձ նախարարը չի բացառում նաև անուղղակի ազդեցությունները, որոնցից 3-ը, ըստ նրա, կարող են  անուղղակիորեն առնչություն ունենալ Հայաստանի տնտեսությանը: Այդ 3 հավանական ուղղություններն են.

1. Չինաստանի տնտեսությունը համարվում է աշխարհում պղնձի սպառման մոտավորապես կեսը կլանող տնտեսություն:

2. Չինաստանում զբոսաշրջությունը դեպի այլ երկրներ համարվում է այդ տնտեսության հիմնական թվերից մեկը:

3. Չինաստանի տնտեսությունը աշխարհի նավթարդյունաբերության վրա՝ պահանջարկի առումով, մեծ ազդեցություն ունեցողներից մեկն է:

«Բայց բոլոր նշված զարգացումներով հանդերձ՝ համաշխարհային տնտեսության վրա այդ ցուցանիշը մեծ ազդեցություն առայժմ թողնել չի կարող: Եվ առավել ևս Հայաստանի տնտեսության վրա, որ ուղղակիորեն եթե չափելու լինենք, կապ ունի միայն պղնձի արտահանության և արտադրության վրա, իր վրա մեծ չափով ազդեցություն կրել չի կարող: Զբոսաշրջային առումով Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները մեծ տեսակարար կշիռ չունեն»,- ԱԺ-ում ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ այս փուլում չկան այնպիսի հարցեր, որ կարող են ուղղակի մեծ չափով ազդեցություն թողնել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումների վրա:

«Ժամանակի ընթացքում եթե հասկանանք, թե որոնք կարող են լինել տնտեսության առանձին ճյուղերի վրա մեծ ազդեցության հատվածները, կարձագանքենք նաև այդ հարցերի առնչությամբ: Դեռևս այդ խորությամբ խնդիր չկա»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս