«Այս իշխանությանն ինչքան քիչ խանգարես, այնքան շուտ են իրենց գործողություններով իրենց էությունը ցույց տալու». Հովհաննես Ավետիսյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի հետ

– Պարոն Ավետիսյան, առաջիկայում անցկացվելիք հանրաքվեի վերաբերյալ ասել եք, որ ի սկզբանե սա «Իմ քայլի» համար պատասխանատվությունից հեռանալու պատրվակ է, պատասխանատվություն չստանձնելու քայլ է իր իսկ նախաձեռնած գործողությունների հանդեպ: Մյուս կողմից՝ արդյո՞ք հանրաքվեն լավ տարբերակ չէ, իշխանությունների ասած՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար:

– Երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ մարդիկ, այսպես ասած՝ մերժում էին Սերժ Սարգսյանին, նրանք մերժում էին համակարգը, ոչ թե տվյալ անձին: Դա ենթադրում է, որ այդ համակարգային փոփոխությունների շարքում մտնում են սահմանադրական փոփոխությունները, և այդ փոփոխությունների շարքում է նաև իշխանության բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերականգնումը, որը վերջին սահմանադրական փոփոխություններով այդքան էլ լավը չէր այն առումով, որ գործադիրի վրա իշխանության շատ մեծ բաժին էր դրվել:

Հիմա հարց է՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընտրություններից հետո սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն ինչ-որ փուլի չի հասցրել: 1 տարին լրիվ բավարար էր, որպեսզի համակարգային փոփոխությունների նախագիծ ներկայացվեր և այդ նախագծի համար այս նույն էնտուզիազմով դիմեին ժողովրդին և ասեին՝ ժողովուրդ ջան, այ, սա համակարգային փոփոխության համար է: Դա չեն անում: Ժողովրդի վստահությունը մաշեցնում են՝ ինչ-որ մի խնդրի լուծման համար, որն ի սկզբանե իրենց լուծման տիրույթում էր: Այսինքն՝ ԱԺ-ն կարող էր այդ խնդիրը լուծել, եթե գտնում էին՝ դա ճիշտ տարբերակն է, իսկ հիմա այդ պատասխանատվությունից խուսափում են՝ լուծման որոշումը դնելով ժողովրդի վրա: Ի սկզբանե դա միջամտություն է իշխանության մեկ այլ մարմնի գործունեությանը: Այդ հանրաքվեով ի՞նչ է արվելու՝ այս հանրաքվեն ընդամենը ՍԴ 7 անդամներին հեռացնելու համար է:

Ինքս միշտ քննադատել եմ նախկին համակարգը, կողմնակից եմ եղել խորքային փոփոխությունների, նաև՝ հեղափոխության, բայց ոչ՝ իշխանափոխության: Երբ, այսպես ասած՝ հեղափոխականները գալիս են, համակարգի մեջ տեղավորվում են և համակարգը չեն փոխում, արդյունքում՝ դառնում է իշխանափոխություն: Ամեն փոքր հարցով դիմել ժողովրդին…

– Ասում են՝ դա ժողովրդավարություն է:

– Դե, այդպես պետք է ներկայացնել, հո չե՞ն ասի՝ մենք վախենում ենք, որ հետագայում կարող է հաջորդ իշխանությունները գան, փորձեն մեզ մեղադրել, որ՝ ինչո՞ւ եք միջամտել:

– Բայց հիմա էլ շատերն այս նախաձեռնությունը որակում են  հակասահմանադրական:

– Ես իրավաբան չեմ, բայց կարելի է նաև այդպես ասել: Պարզ տրամաբանությունը և կառավարման առողջ սկզբունքները հուշում են, որ ցանկացած սահմանադրական փոփոխություն, եթե կա ՍԴ, այդ նախագծի շուրջ պետք է լինի կարծիք: ՍԴ-ն ինչի՞ համար է, եթե սահմանադրական փոփոխության նախագծի դեպքում ինչ-ինչ ճանապարհներով այնպես են անում, որ նա չկարողանա կարծիք արտահայտել:

– Իշխանական թևից ասում են՝ եթե ՍԴ-ն կարծիք արտահայտի, ազդեցություն կունենա:

– Բա, այդպես է համակարգը, դրա համար ենք ասում՝ եթե համակարգը լավը չէր, այնպես էր արված, որ միակենտրոն կառավարում լիներ, որը հիմա շարունակվում է, և այդ հավասարակշռման գործիքները այդքան էլ լավը չէին, բերեք՝ համակարգային փոփոխություն անենք: Սա համակարգային խնդիր չի լուծում, սա անձերի խնդիր է լուծում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք՝ «Այո», Ազատությանը ասում ենք՝ «Այո», Ապագային ասում ենք ՝«Այո» և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»: «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կարծիքով՝ արդեն նշմարվում է «Ո՛չ» ի պիտակավորման PR ստրատեգիան. «Այն է. «Ո՛վ ասի՝ «Ո՛չ»,  կոռուպցիոներ է»»: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի գրառումը:

– Մեկնաբանելու բան չեմ տեսնում. այն տեսակետը, որ ասացի, ամբողջացնում է իմ դիրքորոշումն այս ամենի հանդեպ, հետևաբար՝ վարչապետն ինչ որակում էլ դրան տա, կուզի՝ բանաստեղծություն գրի, երգ գրի, ոտանավոր գրի, դրանից էական բան չի փոխվելու:

– Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցելու «Ոչ»-ի քարոզարշավին, դրան ի պատասխան՝ իշխանական խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ՝ «Չկա այս հարցը լղոզելու ճանապարհ, չկա երրորդ տարբերակ։ Կա ԱՅՈ կամ ՈՉ։ ՍԴ ճգնաժամը կամ հանգուցալուծվելու է, կամ ոչ»։ Իշխանական պատգամավորի այս հայտարարության հետ համաձա՞յն եք, արդյո՞ք հնարավոր չէ այս հարցում չեզոքություն պահպանել:

– Իհարկե հնարավոր է: Ինքս՝ որպես քաղաքացի, այս հարցում չեզոք եմ պարզ պատճառով՝ ես կողմնակից եմ համակարգային լուրջ փոփոխությունների, և սա այդ փոփոխությունը չէ, և հետևաբար՝ չեմ ուզում խանգարել, ինչ անում են՝ թող անեն, պատասխանատվությունն իրենք են ստանձնել: Սա այն դեպքն է, որ այս իշխանությանն ինչքան քիչ խանգարես, այնքան շուտ են իրենց գործողություններով իրենց էությունը ցույց տալու, նաև այն, որ համակարգային փոփոխությունների պատրաստ չեն, գուցե՝ նաև ունակ չեն: Այս ամենում երրորդ չէ, չորրորդ, տասներորդ դիրքորոշում էլ կա, ինչպես ցանկացած հարցում, հետևաբար՝ միայն «Այո»-ի և «Ոչ»-ի հարց չէ սա:

– 2018-ի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն իր անվստահությունը հայտնեց նախորդներին, 2020-ին հանրաքվե անցկացնելու նպատակն ու կարգախոսը նորից նախորդներին անվստահություն հայտնելն է, առաջիկայում  սահմանադրության փոփոխությունների նոր հանրաքվե անցկացնելու նպատակը նորից նախորդներին և նրանց կատարած փոփոխություններին անվստահություն հայտնելն է լինելու: Որքա՞ն կարող է շարունակվել այս գործելաոճը և ինչի՞ կհանգեցնի:

– Այդ մոտեցումն ինձ համար ընդունելի չէ: Հետևյալն է իրավիճակը՝ եղբայր, դու եկել ես, հեղափոխության ուժով փոփոխություններ անելու մանդատ ես ստացել, դրանք համակարգային փոփոխություններ են. դու նստել ես մի համակարգի մեջ, չես անում այդ փոփոխությունները կամ շատ ես դանդաղում, այնպես, որ այդ համակարգը սկսում է քո և փոփոխությունների դեմ աշխատել, հետո էլ սկսում ես մեղադրել նախորդներին: Նախորդներն ի՞նչ կապ ունեն, երբ նախորդ ասվածը հենց այդ վատ համակարգն էր, որի մեջ հիմա դու տեղավորված ես:

– Այսօրվա պետական կառավարմանը ի՞նչ գնահատական կտաք, գործադիրում, օրենսդիրում հավաքվել են հիմնականում դրսում կրթություն ստացած մարդիկ,  ստացած գիտելիքները գործնականում կարողանո՞ւմ են կիրառել:

– Ո՞նց որոշեցիք, որ այդպես է: Ես նման բան չգիտեմ, որ դրսում սովորած են հիմնականում: Օրինակ՝ ո՞վ:

– Անուններ նշե՞մ: Օրինակ՝ Տիգրան Ավինյան:

– Ես չգիտեմ՝ Տիգրան Ավինյանը դրսում ինչ է սովորել ու ինչ ծրագրով: Հայաստանում այսպիսի բան կա՝ մարդիկ մեկ շաբաթ կամ մի երկու ամիս ինչ-որ ծրագրի են մասնակցում, հետո համարում են, որ դրսում են սովորել ու իրենց ինքնակենսագրականներում դա գրում են: Ես Տիգրան Ավինյանի համար չեմ ասում, ես չգիտեմ՝ նա որտեղ է սովորել, բայց նման պրակտիկա կա: Ես չգիտեմ մի լուրջ մասնագետ՝ պետական կառավարման հատվածում պաշտոն զբաղեցնող, որոշում կայացնող, որն ունի որակյալ կրթություն և համաձայնում է համակերպվել այս վատ համակարգին, գուցե խորհրդականի կարգավիճակով կան նման անձինք: Եթե դու ունես լավ կրթություն, համակերպվող չես վատին, դու չես կարող երկար այդտեղ մնալ: Մենք օրինակներ գիտենք, նույն վերջերս տեղի ունեցած ԿԳՄՍՆ-ի մասով. Օրինակ՝ լուրջ երկրում, երբ կրթության նախարարության մի տեղակալին կոռուպցիայի վրա են բռնում, երկուսն էլ հրաժարական են տալիս, այդ նախարարը պետք է հեռանա, որովհետև այդտեղ կամ կառավարում չկա, կամ չեն կարողանում նշանակել կադրեր, որոնք ճիշտ կկառավարեն:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս