«Արդյո՞ք մենք գնում ենք սահմանադրությունը փոխելու հանրաքվեի: Կարծես գնում ենք ՍԴ-ի հարցը լուծելու. Սա անհասկանալի վիճակ է»
«ՀՀ սահմանադրությունը փոփոխման կարիք ունի, տարիներ շարունակ այդ մասին բարձրաձայնել ենք: Բայց այստեղ հարցն այլ է. արդյո՞ք մենք գնում ենք սահմանադրությունը փոխելու հանրաքվեի: Կարծես թե գնում ենք Սահմանադրական դատարանի հարցը լուծելու: Սա անհասկանալի վիճակ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
«Ցավոք, այս իշխանություններն էլ ինչ-որ կոսմետիկ քայլերի են գնում: Ինձ համար դա անհասկանալի է: Պետք է գլոբալ փոփոխության հարցը բարձրացվի»,- հավելեց նա:
Բնապահպան Կարինե Դանիելյանը նույնպես համաձայն է՝ Սահմանադրությունը փոփոխության կարիք ունի:
«Բավական է նշել սուպերվարչապետության հանգամանքը, նախագահի ցածր լիազորությունները, բայց ինչպե՞ս փոխել՝ առանձին մեկ հարց դնել՝ հանրաքվե անել, հետո՝ այլ հարց, թե՞ համալիր փոփոխություններ փորձել մշակել, և դուրս բերել ժողովրդին: Կարծում եմ՝ այստեղ քաղաքական լուծում է, ոչ թե սահմանադրության լուրջ փոփոխության մասին է խոսքը: Շատ կուզեի, որ Կառավարության կողմից հատուկ հանձնաժողով կազմվեր մեր առաջատար մասնագետների՝ սահմանադրագետների կողմից, առաջարկությունները մշակվեին: Ես մեծ մտահոգություն ունեմ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված. ժողովուրդը կիսվել է, մասնագետները կիսվել են, և այնպիսի անհանդուրժողականություն կա երկու թևերի միջև, որ ինչ բառեր, մեղադրանքներ ասես՝ հնչեցնում են: Պատմության ընթացքում մեզ խանգարել է այն, որ իրար հետ լեզու չենք կարողացել գտնել»,- նկատեց Կարինե Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը փետրվարի 6-ին ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։