Եթե Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի չենք առնում, նշանակում է՝ օրենք ենք խախտում. Ազատ Արշակյան

Ազգային ժողովը փետրվարի 6-ին 88 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը: Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։

Նկարիչ, քանդակագործ  Հաղթանակ Շահումյանի կարծիքով՝ Սահմանադրության թերի լինելու պատճառով է, որ երկրում անընդհատ անհամաձայնություն է լինում:

«Հիմա շատ են խոսում Սահմանադրությունը հանրաքվեով փոխելու հարցով Վենետիկի հանձնաժողով չդիմելու մասին: Եվրոպայի խորհրդի բոլոր երկրներում որ օրենքներ են ընդունվել, Հայաստանը մասնակցե՞լ է, իր կարծիքը հայտնե՞լ է, թե՞ ոչ: Կարծում եմ, որ մենք չպետք է ապրենք ուրիշների թելադրանքով կամ ուրիշներին հաճոյանալով: Պետք է ստեղծենք երկիր, որը նպաստավոր կլինի մեր ժողովրդի, երկրի զարգացման համար: Եվ հետո՝ մի՞թե Վենետիկի հանձնաժողովը վատ է դիտելու ժողովրդավարական այս քայլը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հաղթանակ Շահումյանը:

«Մենք վավերացրել ենք մի շարք կոնվենցիաներ, և դա նշանակում է, որ այն նաև ՀՀ օրենք է: Եվ եթե նրանց կարծիքը հաշվի չենք առնում, նշանակում է՝ օրենք ենք խախտում: Այնպես չէ, որ, ասենք՝ Ժնևյան կոնվենցիան մեզ ի՞նչ. մենք դա վավերացրել ենք,- արձագանքեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ շարունակելով,- Սահմանադրությունը նաև համարում են հիմնական օրենք, որը կոչված է հեղափոխությունները կանխարգելելու համար: Հեղափոխություն՝ նշանակում է՝ իշխանության տապալում: Սահմանադրությունը կոչված է  ապահովել իշխանության փոփոխությունները՝ ժողովրդավարական մեխանիզմների՝ ընտրությունների միջոցով:  Մեր Սահմանադրությունը  դա չի արել, և փոփոխությունները խիստ անհրաժեշտ են: Ոչ թե պետք է լինեն անհնազանդության ակցիաներ՝ թեկուզև թավշյա, սիրո, այլ Սահմանադրությունը պետք է ապահովի երկրում խաղաղ համագործակցության մթնոլորտ, գործընթացներ: Սահմանադրությունը ոչ միայն պետք է բարեփոխվի, այլև սկզբունքորեն փոխվի: Հանրաքվեն հենց օրենքը փոխելու իսկական ճանապարհն է»:

Հարցին, թե ամեն դեպքում ժողովուրդը վստահություն չունի դատարանի նկատմամբ, ի՞նչ պետք էր անել, եթե չլիներ հանրաքվեն, բնապահպան Կարինեն Դանիելյանը պատասխանեց.

«Մասնագետներից ոմանք ասում են՝ ցույց տվեք որևէ օրինակ, որ Սահմանադրական դատարանն ինչ-որ բան տապալել է: Նման օրինակ ոչ ոք չի բերում»:

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանի դիտարկմամբ՝ նեգատիվ ֆոնը, որ ստեղծվել է մեր երկրում՝ նրանից է, որ ժողովուրդը բավարարված չէր նախորդ իշխանություններից, ներկա իշխանությունների ներքին քաղաքականությունից և անվճռականությունից:

«Քանի դեռ արդարությունը հաստատված չէ՝ այս ֆոնը պահպանվելու է»,- նշեց նա:

Ազատ Արշակյանն էլ նկատեց. «1995 թվականից սկսած՝ բոլոր Սահմանադրությունների վերաբերյալ կա անվստահություն: Սահմանադրությունների ընդունման ժամանակ ու դրանից հետո զանգվածային ցույցեր են եղել: Այսինքն, լեգիտիմության խնդիր եղել է հենց սկզբից: Եվ հետո՝ բոլոր ընտրությունների որակի վերաբերյալ հսկող կազմակերպությունների կողմից եղել են շատ լուրջ դիտողություններ: Միջազգային դիտորդների կարծիքն այն է եղել, որ Հայաստանում 1995 թվականից սկսած՝ բոլոր ընտրությունների արդյունքների նկատմամբ անվստահություն է եղել: Սահմանադրական դատարանը համարժեք պատասխան չի տվել, քողարկել է կեղծիքը, բացասական գնահատականներին ընթացք չի տվել, անհամարժեք վճիռներ է կայացրել: Այսինքն՝ բոլոր Սահմանադրություններն իրենց ընդունմամբ պարտադրվել են մեր հասարակությանը: Տնտեսական մոնոպոլիաների վերաբերյալ նույնպես անհամարժեք վճիռներ են կայացվել»:

Ազատ Արշակյանը զավեշտալի է համարում նաև այն, որ Սահմանադրական դատարանի մասին որպեսզի կարծիք հայտնենք՝ այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան:

Տեսանյութեր

Լրահոս