Փոքրիկ ճշտում «для перчинки»

Երեկ, երբ հայտնի դարձավ, որ հանրապետության նախագահը ստորագրել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների կազմից ազատվելու նպատակով հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցավ արդեն «Այո»-ի օգտին քարոզարշավ անցկացնելու գործին:

«Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա՝ վերջում, իհարկե, ավելացնելով մոգական «դուխով»-ը:

Իհարկե, վարչապետը հեռատեսորեն և բավականին կանխատեսելի կերպով շրջանցել էր բուն հանրաքվեի թեման, և այս գրառումից արդեն իսկ պարզ է, թե ի՞նչ ուղիով է ընթանալու քարոզարշավը, և թերևս դրա ընթացքում հնարավորինս քիչ կշոշափվի հանրաքվեի բուն թեման, այն է՝ ՍԴ նախագահից ու 6 դատավորներից ազատվելը, սակայն մի բան, այնուամենայնիվ, չի վրիպել ֆեյսբուքյան օգտատերերի աչքից:

Իր գրառման սկզբնական տարբերակում «կոռուպցիոներներ» բառի փոխարեն՝ գրել էր «անցյալի»: Հետո, երևի թե մտածելով, որ կոռուպցիոներ բառն ավելի ահասարսուռ ազդեցություն է թողնում միջին վիճակագրական «Այո» ասողի, շարքային քաղաքացու վրա, ով չի էլ հասկանում, թե ինչի համար է պետք այս հանրաքվեն, և թե ինչով է Սահմանադրական դատարանը խոչընդոտում կառավարությանը, որը իր խոստումները չի իրականացնում,  վերախմբագրել էր գրառումը՝ կատարելով վերը նշված փոփոխությունը: Դե, իսկ Ֆեյսբուքի նոր կարգավորումն էլ թույլ է տալիս տեսնել, թե քանի անգամ ու ինչպես է խմբագրվել որևէ գրառում:

Տեսանյութեր

Լրահոս