«Վահե Գրիգորյանը չի կարողանում աշխատել ՍԴ-ի ներկա միջավայրում». Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլի 5-ին հանրաքվե կանցկացվի՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների հետագա պաշտոնավարման հետ կապված։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը սա համարում է աննախադեպ միջոցառում՝ ուղիղ ժողովրդավարության կիրառման ակնհայտ օրինակ:

«Գաղտնիք չէ, որ մեզ մոտ ընտրություններ էին կեղծվում, իսկ այսօրվա ՍԴ-ն վավերացնում էր այդ կեղծված ընտրությունները: Եվ այս պրոցեսը շարունակվում էր՝ մեզ ներքաշելով դեպի անդունդ: Դա ոչ թե ժողովրդավարության, այլ անվտանգության խնդիր էր, չգիտեմ՝ որքանով էին մարդիկ դա գիտակցում, բայց մեզ համար ժողովրդավարությունն անվտանգության կոմպոնենտ է: Եվ այս պարագայում ՍԴ-ի հետ կապված որոշումը դա այն է, որը պիտի դառնա ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված հեղափոխության, ժողովրդավարության շարունակականության  կարևոր երաշխիքը, որ որևէ ուժ ՀՀ պատմության մեջ չփորձի ընտրություն կեղծել: Եվ եթե գնա դրան, հանդիպի ՍԴ-ի անաչառ գնահատականին»,- նշեց Հայրապետյանը:

Հակադարձմանը, թե ի՞նչ երաշխիք, որ ՍԴ նոր կազմը լինելու է անաչառության բաստիոն, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց՝ երաշխիքն այն է, որ գալու են ԱԺ հարցուպատասխանի, անցնելու են համապատասխան ընթացակարգով:

Հիշեցմանը, որ Վահե Գրիգորյանը ևս անցել էր այս ամենով, բայց չի կատարում ՍԴ դատավորի իր պարտականությունները, բայց աշխատավարձ է ստանում, Տաթևիկ Հայրապետյանն արձագանքեց, թե Վահե Գրիգորյանը չի կարողանում աշխատել ՍԴ-ի ներկա միջավայրում:

«Վահե Գրիգորյանը չի կարողանում աշխատել այն միջավայրում, որը մենք ցանկանում ենք փոխել ժողովրդի քվեի միջոցով»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս