«Անմեղության կանխավարկածը չպետք է ոտնահարել». Արայիկ Հարությունյանը՝ Գևորգ Լոռեցյանի մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այս պահին որևէ բան չի կարող ասել ԿԳՄՍ նախկին փոխնախարար, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ ելնելով անմեղության կանխավարկածից։
«Ընթանում է նախաքննություն, և ես առիթ եմ ունեցել ասելու, որ անմեղության կանխավարկածը չպետք է ոտնահարել, կան որոշակի փաստեր, որոնց մասին նախաքննական մարմինը խոսել է, երբ գործը կավարտվի, և կլինի նոր ընթացք, նոր մեկնաբանություններ կլինեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց մեղադրանք է առաջադրվել:
Օրերս էլ նրա կալանավորումը երկարաձգվել է երկու ամսով։
Ինչ վերաբերում է իր երկու տեղակալների աշխատանքից դուրս գալուն, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ԿԳՄՍ-ում աշխատանքը կարգավորվում է այնպես, ինչպես նախկինում էր, իհարկե, գործադրում են լրացուցիչ ջանքեր:
«Ուզում ենք, որ ապագայում, երբ նշանակումներ լինեն, մենք դաշտում բոլոր հնարավոր մասնագետներին դիտարկենք, նոր նշանակումներ անենք»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ օրերս՝ փետրվարի 6-ին, հրաժարական էր տվել ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, իսկ դեկտեմբերին էլ աշխատանքից ազատվել էր նախարարի մյուս տեղակալը՝ Լուսինե Առաքելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում