Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսավարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Տնտեսավարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ: