Բաժիններ՝

ՉԺՀ-ի 300-ից ավելի ընկերություններ կորոնավիրուսի պատճառով 8,2 մլրդ դոլարի վարկեր են խնդրում բանկերից

Չինաստանի 300-ից ավելի ընկերություններ կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը մեղմելու եւ մարդասիրական նախագծեր իրականացնելու համար 8,2 մլրդ դոլար գումարի վարկեր են խնդրել բանկերից: Այդ մասին փետրվարի 10-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։Ընկերությունների թվում, որոնք ակնկալում են փոխառություններ ստանալ, հայտնվել է նաեւ Xiaomi սմարթֆոններ արտադրողը:

Նշվում է, որ կորպորացիային 716,24 միլիոն դոլար է անհրաժեշտ բուժօգնության միջոցներ, այդ թվում՝ դիմակներ ու ջերմաչափեր արտադրելու համար: Meituan Dianping ինտերնետ-ընկերությունը պլանավորում է 572,99 մլն դոլար ստանալ մեկուսացված Ուհանում գտնվող բժիշկներին սննդամթերք եւ բժշկական պիտույքներ անվճար հասցնելու համար: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 40 171, մահաբեր վախճան է արձանագրվել 908 դեպքում: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 3062-ով, մահաբեր դեպքերինը՝ 97-ով:

Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 91 մարդ: Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում գրեթե 35 հազար մարդ, 6,5 հազար հիվանդի վիճակը գնահատվում է՝ ծանր: Հիվանդության առկայության կասկածի պատճառով երկրի բուժհիմնարկներում հսկվում է գրեթե 187,5 հազար մարդ. 3,3 հազար հոգի առողջացել է եւ դուրս գրվել: Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հատկացվել է ավելի քան 10 միլիարդ դոլար, հայտնել է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ 2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չէ, բայց կարող է եւ աճել: ԱՀԿ-ի խնդիրն է մնում նոր վարակի կասեցումը, նշել է նա եւ բոլոր երկրներին կոչ է արել՝ օգտվելու պահից եւ նախապատրաստվելու այդ կորոնավիրուսի հնարավոր հայտնվելուն: Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ մի քանի դեպքերում վիրուսով վարակվել են մարդիկ, որոնք չեն մեկնել Չինաստան: «Ոչ մեծ թվով նման դեպքերի հայտնաբերումը կարող է նշանակել, որ այլ երկրներում վիրուսն ավելի լայնորեն է տարածվել, քան համարվում էր. եթե հակիրճ, ապա կարող է պատահել, որ մենք տեսնում ենք սոսկ այսբերգի գագաթը»,- գրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս