«Սա ոչ թե իշխանությանը վստահություն հայտնելու հանրաքվե է, այլ Սահմանադրական փոփոխությունների քվե է». Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում, ըստ էության, բխում են այն առաջնահերթություններից, որոնք տեղի ունեցան 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:

«Այդ ամենի արդյունքում ձևավորված Կառավարությունը գործում է այդ տրամաբանությամբ և այդ ոգով: Այն փոփոխությունները, որոնք նախատեսված են Սահմանադրական հանրաքվեի ժամանակ, լուծելու են այդ խնդիրները»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը:

Հարցին՝ կիսո՞ւմ է այն կարծիքները, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն նաև իշխանությանը վստահություն հայտնելու հանրաքվե է լինելու, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ սա լինելու է ընդամենը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, այլ ոչ թե իշխանությանը վստահություն հայտնելու քվե:

Նախարարը նաև անդրադարձավ Արարատի մարզի Լուսաշող համայնքի դպրոցի «կոմպլեկտավորմանը», որի համար բնակիչները նախորդ ամիս բարձրացրել էին իրենց բողոքի ձայնը:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ «կոմպլեկտավորման» գործընթացն ընթանում է ամբողջ հանրապետությունով:

«Մենք այդ դպրոցով զբաղվել ենք դեռևս սեպտեմբեր ամսից, ասել ենք այնտեղ ավելորդ հաստիքների մասին, իրենք թող միջոցներ ձեռնարկեն ճիշտ կոմպլեկտավորելու համար»,- եզրափակեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս