ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում
Ադրբեջանի խորհրդարանի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում չի եղել իսկական մրցակցություն, չնայած մեծ թվով թեկնածուների առկայությանը: Այս հայտարարությամբ փետրվարի 10-ին հանդես են եկել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյից դիտորդական առաքելության ներկայացուցիչները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած մեծ թվով թեկնածուներին, օրենսդրության սահմանափակումները խոչընդոտում էին իսկական մրցակցությանը»,-ասված է առաքելության հայտարարության մեջ:
Դիտորդները հայտարարել են, որ բազմաթիվ խախտումներ են ի հայտ բերել ընտրություններում, ինչն ստիպում է կասկածել դրանց թափանցիկությանը: Բացի այդ, նրանց խոսքով, առանձին դեպքերում ճնշում է գործադրվել ընտրողների վրա:
Դիտորդների առաքելության ներկայացուցիչները նաեւ նշում են, որ կայացած ընտրություններում տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ էր դիտորդների համար, սակայն չկարողացավ ապահովել ազատ դեմոկրատական ընտրությունների անցկացումը:
«Ձայների հաշվման ընթացակարգը հիասթափեցրեց մեզ»,-ասված է առաքելության հայտարարության մեջ:
Փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 տեղին հավակնում էր 1314 թեկնածու: Ընտրություններում հավատարմագրված էր 59 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 883 դիտորդ:
Ընտրությունների նախնական տվյալների համաձայն, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, առավել մեծ թվով մանդատներ է ստանում օրենսդիր մարմնում: Այդ տվյալների համաձայն, կուսակցությունը կարող է ստանալ մինչեւ 71 մանդատ: