ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումն Իրաքի տարածքից
ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել Իրաքից իր զինվորական ստորաբաժանումների դուրսբերմանը: Այդ մասին փետրվարի 10-ին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի խորհրդարանի պաշտպանության ու անվտանության կոմիտեի անդամ Ալի ալ-Ղանիմիին: Ստացված տվյալների համաձայն, ամերիկյան ուժերն սկսել են իրենց զորքերի դուրսբերումը 15 ռազմակայանից, որոնք գտնվում են Իրաքի տարածքում։
Ինչպես ճշտել է ալ-Ղանիմին, «Միացյալ Նահանգներն սկսել է հեռանալ Իրաքից, իսկ ամերիկյան զորքերը սկսել են դե-ֆակտո դուրս բերվել 15 ռազմակայանից», որոնք տեղակայված են երկրի տարածքում: Պատգամավորը նաեւ նշել է, որ «ամերիկացիները սահմանափակել են իրենց ներկայությունը երկու խոշոր բազաներով»: Նա ճշտել է, որ խոսքը վերաբերում է երկրի հյուսիսի Էրբիլ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին, ինչպես նաեւ Այն ալ-Ասադ ավիաբազային, որը տեղակայված է Անբարի նահանգում՝ Բաղդադից 180 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:
Ալ-Ղանիմիի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է ամրանալ այդ երկու բազաներում, սակայն «երկրի խորհրդարանը եւ Իրաքի ժողովուրդը պնդում են, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն բոլոր բազաներից»:
Իրաքի 15 ռազմական օբյեկտներից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման վերաբերյալ ամերիկյան կողմի պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: