«Իրական քաղաքականությունն ու պոպուլիզմը անհամատեղելի են». Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, որ նոր քաղաքական կուսակցություն ստեղծելով` հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի կարծիքով` Հայաստանում «հնարավոր չէ վերադարձ անցյալին»: Միևնույն ժամանակ Վանեցյանը դեմ է հասարակության շրջանում «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքով կոշտ սահմանազատմանը:

«Այս հենակետն այսօր, ինչպես երևում է, հարմար կանոն է դարձել գործող իշխանության համար, ինչը անթույլատրելի է իրավական պետություն ստեղծելու, իշխանության ճյուղերի տարանջատման և քաղաքացիական հասարակության  տեսանկյունից: Իմ խորին համոզմամբ` այսօրվա Հայաստանում ծայրահեղականության ու ծայրահեղությունների համար տեղ պետք է չլինի: Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, աշխարհը լի է գույներով… Եվ մենք մտադիր ենք մեր ուրույն տեղն ունենալ ընդհանուր քաղաքական գունապնակում»,- նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը:

Նա նշել է նաև, որ «թավշյա հեղափոխության» օրերին Հայաստանում մարդիկ ցանկանում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում, որակյալ ծառայություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում:

«Խոստացան և չարեցին»,- նշել է գործակալության զրուցակիցը:

«Լայն հասարակական համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առաջ ծառացած սպառնալիքները, մենք ստացանք նոր ներքին ճեղքումներ, բաժանումներ «սևերի ու սպիտակների», «հների ու նորերի», «համաձայնների և ոչ այնքան համաձայնների», որոնք անողոքաբար կռվում են միմյանց դեմ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է ուժային կառույցներում այս ամենի անթույլատրելիությունը»,-ասել է Վանեցյանը:

Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը մնում է ու կմնա Հայաստանի ռազմավարական գործընկերը, և որ երկու երկրների շահերից է բխում մնալ հուսալի և կանխատեսելի գործընկերներ: Նրա խոսքով` Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն եղբայրական և ռազմավարական հարաբերությունների բազմադարյա պատմությունն ու կուտակված ներուժը և զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափերում:

«Այսօր Հայաստանի իշխանության ղեկին շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Վանեցյանը` նշելով, որ «իրական քաղաքականությունն ու պոպուլիզմը անհամատեղելի են»:

«Բացթողումների և չիրականացած հնարավորությունների մասին կարելի է անվերջ խոսել, թյուրիմացություններ լինում են նույնիսկ ամենասիրով ընտանիքներում: Բարեբախտաբար, մեր ժողովուրդներին միշտ բավարարել է իմաստությունը` հաղթահարելու հարաբերություններում բոլոր դժվարությունները: Համոզված եմ, հիմա էլ կբավարարի: Կամք ու իմաստություն է հարկավոր, և մեր ժողովուրդները դա ունեն: Ես պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերություններն ավելին են, քան առանձին վերցրած քաղաքական գործիչների կամ նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Այդ հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և կունենան բազմադարյա ապագա»,-նշել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը:

Վանեցյանը նշել է, որ 2019 թվականին, երբ նա լքեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իր և Նիկոլ Փաշինյանի տարաձայնություններն անհաղթահարելի էին դարձել:

Տեսանյութեր

Լրահոս