«ՍԴ դատավորներից 7-ն անձնական շահագրգռվածություն ունեն, և տվյալ պարագայում հարցն ուղարկել ՍԴ՝ օբյեկտիվ չէր լինի». Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Սահմանադրության 213-րդ հոդվածն անցումային դրույթներում ինչ-որ տեղ սպառվելու է, և սպառումը վրա է հասնում այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում չի մնա որևէ դատավոր, որը նշանակվել է մինչև գործող Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը:

«Տվյալ պարագայում այս դրույթն իրացված չէ, և Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ի այնտեղ գտնվելու հիմքը հենց 213-րդ հոդվածն է: Ինչ վերաբերում է նրանց կարգավիճակը վատթարացնող կամ բարելավող նորմերին, ապա այստեղ ես որևէ մեկնաբանություն չեմ տա՝ մեկ պարզ պատճառով, որ մենք գործ ունենք անձանց հետ: Եթե մենք սա դիտարկում ենք մարդու իրավունքների տեսակետից, ապա սրա կոնտեքստում պատասխանը թող տան դատական մարմինները, և այլն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Վարդանյանը:

Ինչո՞ւ է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվել հանրաքվեի.  Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ Սահմանադրական դատարանը, ի վերջո, կոչված է, որպեսզի լուծի սահմանադրական մարմինների միջև եղած վեճերը, և ՍԴ-ին նման լիազորություններով օժտելն ըստ էության նպատակ է հետապնդում որևէ վեճ չթողնել չլուծված, թե, օրինակ, վեճ է առաջացել նախագահի և վարչապետի ինստիտուտի միջև:

«Ցավոք, ժամանակակից Սահմանադրությունը չի պատասխանում այն հարցին, թե ինչ անել, եթե վեճը լուծող մարմնի հետ է վեճ առաջացել, և այս պարագայում ես կրկին այն համոզման եմ, որ 213-րդ հոդվածը չէր կարող փոխվել ԱԺ որոշմամբ՝ մեկ պարզ պատճառով, որ այն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանությանը, և այստեղ մենք, իրոք, կչարաշահեինք մեր լիազորությունները, եթե գնայինք այլ լուծման: Այս հարցում ՍԴ դատավորներից 7-ն անձնական շահագրգռվածություն ունեն, և տվյալ պարագայում հարցն ուղարկել ՍԴ՝ օբյեկտիվ չէր լինի»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բարձրացրած հարցերին, Վ. Վարդանյանը նշեց, որ այդ հարցերի հասցեատերը միայն Մարուքյանն է:

Հիշեցնենք, որ երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու մասին նախագիծը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս