Գազը թանկացրել են, որ բարձրացված նվազագույն աշխատավարձերը կարողանան վճարեն. վարորդները 10 օր ժամանակ տվեցին իշխանությանը
Այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում Երևան քաղաքը սպասարկող մի շարք երթուղային միկրոավտոբուսների և ավտոբուսների վարորդներ։ Մասնավորապես՝ այսօր աշխատանքի դուրս չէին եկել համար 19, 21, 25, 29 երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներն ու 24 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները։
Ակցիայի մասնակից վարորդները հայտնում էին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում գազը թանկացել է, և եթե նախկինում 1 լիցքավորման համար վճարում էին 7000 դրամ, հիմա 1 լիցքավորումն արժե 10.000 դրամ։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում թանկացրին գազը՝ հասցնելով 10.000 դրամի։ Կառավարությունը բարձրացրել է նվազագույն աշխատավարձը ու հիմա գազը թանկացրել է, որ կարողանա աշխատավարձերը վճարի։ Մեզ վրա դրված պլանը դարձրել են 27.700 դրամ, ինչը միկրոավտոբուսների պարագայում ամեն օր հնարավոր չէ ապահովել։ Պահանջում ենք կառավարությունից կա՛մ մեր հարկերը իջեցնել, կա՛մ գազի գինը»,- իր դժգոհությունը հայտնեց ակցիայի մասնակից վարորդներից մեկը։
Մեկ այլ վարորդի պնդմամբ էլ՝ եթե իրավիճակն այսպես շարունակվի՝ մեկ տարի հետո վարորդական վկայականը հանձնելու է և հեռանա։
Ակցիայի մասնակից վարորդներին աշխատանքի վերադառնալու կոչոով դիմեց Երևան քաղաքի Տրանսպորտի վարչության պետի ժամանակ պաշտոնակատար Էդգար Գալստյանը։
Վերջինս վարորդներին խոստացավ 10 օրվա ընթացքում խնդրին լուծում տալ։
Գալստյանի խոստումից հետո վարորդները խոստացան վերադառնալ աշխատանքի պայմանով՝ եթե 10 օր անց իրենց պահանջը չբավարարվի՝ հաջորդ անգամ ակցիան են անելու Հանրապետության հրապարակում և Երևանի քաղաքապետարանի դիմաց։