Եթե հասարակությունը պահանջատեր լինի՝ ծրագրային բյուջետավորումն ավելի էֆեկտիվ կներդրվի Հայաստանում
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ու հանրային ֆինանսների գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին ՀՀ արդարադատության նախարարության 2019թ. առաջին ինն ամիսների կատարողականի և 2020թ. պետական բյուջեի արդյունքային ցուցանիշների վերլուծությունը:
«Եթե մենք անցնում ենք ծրագրային բյուջետավորման, մենք պետք է ունենանք շատ լուրջ տվյալների համակարգ, որը հնարավորություն կտա քաղաքացիական հասարակությանը, կուսակցություններին և լրատվամիջոցներին հասկանալու, թե այդ ցուցանիշի կատարում- չկատարումն ի՞նչ է նշանակում: Նախկինում այն պրակտիկան, որ եղել է, ցույց է տալիս նաև նախկին երկրների փորձը, իներցիայով շարունակվում է, թե՝ այսքան աշխատող կա, ուրեմն պետք է լինի այսքան աշխատավարձ, այսքան համակարգիչ, եթե քրեակատարողական հիմնարկներում այսքան բանտարկյալ կա, ուրեմն այսքան գումար պետք է տրվի, և այլն: Ուշադրություն չէր դարձվում, թե ի՞նչ որակի ծառայություն պետք է մատուցվի այդ գումարներով: Ծրագրային բյուջետավորման գաղափարաախոսությունն այն է, որ ծրագրերի միջոցով հնարավոր լինի գնահատել, թե այդ գումարն ինչպիսի՞ էֆեկտ տվեց»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:
Նրա խոսքով՝ ձևով ունենք ծրագրային բյուջե, բայց թե որքանով այն բովանդակությամբ ծրագրային կդառնա, այս խնդիրն ենք մեր առջև դրել:
«Ծախսը տեսնելիս՝ քաղաքացին, պաշտոնյան պետք է հասկանան, անհրաժե՞շտ էր, որ այդքան գումար ծախսվեց, կամ արդյո՞ք պետք էր այդ ճանապարհն իսկապես վերանորոգել, միգուցե կար ա՞յլ կարևոր ճանապարհ, որին ֆինանսավորում չէր հատկացվել: Մենք սկզբից պլանավորել էինք Արդարադատության նախարարության հետ աշխատել արդյունքային ցուցանիշների վրա, բայց քանի որ ծրագիրը նախատեսվածից ուշ սկսվեց, մշակեցինք մեր առաջարկները, ներկայացրեցինք Արդարադատության նախարարին, որոշներն ընդունվեցին, որոշները՝ ոչ:
Եվ, քանի որ 2021թ. բյուջետային գործընթացը սկսվել է, շատ ավելի ինտենսիվ կաշխատենք այնպիսի նախարարության հետ, որի դեպքում շոշափելի կլինի արդյունքային ցուցանիշը: Այդ պատճառով ընտրել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ընթացքում կշարունակենք կապի մեջ լինել Արդարադատության նախարարության հետ»,- հավելեց Վարուժան Հոկտանյանը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետ Սարգիս Նասիբյանն էլ նշեց՝ օրինակ, 2019թ. պրոբացիայի ծառայություններում շահառուների թիվը հաշվետու ժամանակահատվածում պետք է լիներ 4000 մարդ, սակայն եղել է մոտ 3000: Բնականաբար, բացատրվել է պատճառը, որ չեն ցանկացել, կամ ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել: Սա որպես վիճակագրական տվյալ կարելի է օգտագործել:
«Եթե հասարակությունը պահանջատեր, հետևողական լինի հարկատուների գումարների ծախսման ուղղություններին և էֆեկտիվությանը, իսկ Ազգային ժողովը կարողանա այնպիսի կամք, գիտելիք դրսևորել, որ կառավարությանը կարողանա ստիպել ստանալ ակնկալվող արդյունքը, կարծում եմ՝ ծրագրային բյուջետավորումն ավելի էֆեկտիվ կզարգանա և լիարժեք կներդրվի Հայաստանում»,- ընդգծեց Սարգիս Նասիբյանը: