Բաժիններ՝

Տերմինալների գողության դեպքեր են բացահայտվել

Հունվարի 30-ի լուսադեմին ոստիկանության էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ գողացել են Նուբարաշենի 11-րդ փողոցի մթերային խանութի վճարահաշվարկային տերմինալը, որի մեջ մի քանի հարյուր հազար դրամ կար։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Էրեբունու և Նուբարաշենի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։

Դեպքից որոշ ժամանակ անց Նուբարաշենի հարակից բարձունքի վրա հայտնաբերվեց գողացված տերմինալը՝ վնասված ու թալանված վիճակում։ Բացահայտման աշխատանքին միացան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, որոնք հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերեցին։ Փետրվարի 1-ին Երևանի բնակիչներ 28 և 35-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեցին։

Քննությանը հայտնի տվյալներով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից և մարզերից տերմինալներ են գողացել։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս