«Ինձ չի հետաքրքրում ՀՔԾ պատասխանը. Իմ առաջարկն ուղղված է վարչապետին, և հենց նրանից էլ ես պատասխան եմ սպասում». Գևորգ Կոստանյան
Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պատասխանել էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այսօրվա հրապարակային առաջարկությանը, որով վերջինս մասնավորապես առաջարկում էր՝ «Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդ որում, որպեսզի դա արվի հրապարակային, և մեր հասարակությունը հասկանա՝ իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ, կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ»:
Գևորգ Կոստանյանը հավելել էր նաև, որ պատրաստ է մեկ օր առաջ լինել Հայաստանում, երբ իր առաջարկի հասցեատերը կորոշի այդ խորհրդակցության տեղը, վայրն ու ձևաչափը:
Իր պատասխանում ՀՔԾ-ն մասնավորապես գրել էր, որ առնվազն տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Գ. Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով, ինչը կարող ենք գնահատել՝ որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ:
«Ինչ վերաբերում է Գ. Կոստանյանի այն հայտարարությանը՝ որով վերջինս պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տեղեկատվությամբ աջակցել «Մարտի 1»-ի գործով 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը, ապա նման հնարավորություն Գ. Կոստանյանն արդեն իսկ ունեցել է քրեական գործով որպես վկա հարցաքննության ժամանակ: Չնայած դրան` եթե նա իսկապես ազնիվ է քրեական գործի նախաքննությանն աջակցելու իր նպատակներում, ապա Հատուկ քննչական ծառայությունը կրկին կոչ է անում վերջինիս ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով և հայտարարություններով»,-ասված էր ՀՔԾ պատասխանի մեջ:
168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ինքը ՀՔԾ-ից պատասխան չի սպասել ու չի ակնկալել, հետևաբար՝ իրեն չի էլ հետաքրքրում, թե ինչ են պատասխանել ՀՔԾ-ից:
«Ես առաջարկն արել եմ վարչապետին ու նրանից էլ սպասում եմ պատասխան»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Այնուամենայնիվ, ՀՔԾ հայտարարությունը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ Գևորգ Կոստանյանն ասաց.
«Այո, նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, սակայն այն պահից, երբ նախաքննական մարմինը դրանք հրապարակային դարձրեց, ես ինձ իրավունք եմ վերապահել նույն կերպ ինքս էլ վարվել: Այո, նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են օրենքով, բայց նույն օրենսգրքով սահմանված չէ, որ ՀՔԾ-ն պետք է հայտարարություն տարածի մեղադրանքի ողջ ծավալով: Իրենք դուրս են եկել Քրեական դատավարության կարգավորումից և ինձ մեղադրել են հրապարակայնորեն, հետևաբար՝ ես էլ պահանջում եմ նույն իրենց որդեգրած սկզբունքի սահմաններում, նույն հանրությանը հրապարակային պատասխանել՝ ունե՞ն գոնե մեկ ապացույց, թե՞ ոչ, որովհետև ես պնդում եմ, որ ոչ մի ապացույց չունեն, և մեղադրանքը կեղծ է»:
Ինչ վերաբերում է ՀՔԾ այն հայտարարությանը, թե՝ «ինչ վերաբերում է Գ. Կոստանյանի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տեղեկատվությամբ աջակցել «Մարտի 1»-ի գործով 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը, ապա նման հնարավորություն Գ. Կոստանյանն արդեն իսկ ունեցել է քրեական գործով որպես վկա հարցաքննության ժամանակ», Գևորգ Կոստանյանն ասաց, որ իրեն երբևէ որպես վկա 10 զոհերի թեմայով չեն հարցաքննել:
«Իմ հարցաքննությունը եղել է զուտ ինձ առաջադրված մեղադրանքի թեմայով, այն է՝ իբր ես ցուցումներ եմ տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ թաքցնել 2008թ. մարտյան իրադարձությունների հետքերը»,- եզրափակեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: