Մանվել Գրիգորյանը դարձել է անդամալույծ, ոտքերը, բժիշկների փաստմամբ՝ 90 տոկոսով անզգայացել են. Փաստաբան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը պնդում է՝ պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է անմարդկային վերաբերմունքի հետևանքով, և եթե իշխանությունը ականջալուր չլինի, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իր վրա:
«Մոտ երկու տարի փաստաբանները բարձրաձայնում էին, որ անձի հիվանդությունները՝ կալանքը կրելու հետ կապված, վատթարանում են: Պետական լիազոր մարմիններն ի՞նչ արեցին, մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը, դատարանը.ստեղծեցին գերատեսչական հանձնաժողով, որը փաստեց՝ հիվանդությունները կալանքը կրելու ընթացքում վատթարացել են, հիվանդություններն ավելացել են, կյանքին կարող է վտանգ սպառնալ, բայց անձը կարող է կալանքը կրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Բաղդասարյանը:
Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունք տեղափոխվեց հունվարի 14-ին, երբ կտրուկ վատացավ նրա առողջական վիճակը: Փաստաբանական թիմի անդամը պնդում է՝ նման հիվանդության տեր անձնավորությունը Հայաստանում այլևս չի կարող բուժում ստանալ:
«Անձի նկատմամբ խոշտանգում եղել է 2 տարի առաջ և հիմա էլ շարունակվում է: Մեկ օր, մեկ ժամ շուտ անհրաժեշտ է, որպեսզի Մանվել Գրիգորյանը գնա, բուժվի այն հիվանդանոցում, որտեղ որ 20 տարի առաջ իրականացվել է նրա բուժումը: Նա դարձել է անդամալույծ, ոտքերը, բժիշկների փաստմամբ՝ 90 տոկոսով անզգայացել են: Այսօր Մ. Գրիգորյանը 24-ժամյա ռեժիմով օգտվում է արհեստական շնչառության սարքից: Փաստում եմ, որ հիվանդությունները վատթարացել են անմարդկային վերաբերմունքի հետևանքով»,- նկատեց Լևոն Բաղդասարյանը:
168.am-ի հարցին, թե նախկինում ո՞ր երկրում է Մանվել Գրիգորյանը բուժում ստացել, փաստաբանական թիմի անդամը պատասխանեց.
«Ֆրանսիայում է բուժվել: Վիրահատվել է, և այնտեղի բժիշկները, տեղեկանալով, որ առողջությունը վատթարացել է, ցանկություն են հայտնել, որ այդ վիճակում ևս պատրաստ են ընդունել ու փորձել օգտակար լինել: Մոտ 4 ամիս առաջ իրեն բուժող բժիշկներից մեկը երբ եկավ, հետազոտեց Գրիգորյանին, ասաց, որ հիվանդություններն այն աստիճանի են բարդացել, որ կարող են վնասել նաև սիրտ-անոթային համակարգին: Օրեր առաջ КТ է արվել, արձանագրվել է հետևյալ փաստը, որ թոքի մեջ կան գոյացություններ, թոքի ինֆարկտ է տեղի ունեցել, և այդ զարգացումները հետագայում կարող են անկանխատեսելի հետևանքներ առաջացնել»: