Բժիշկները պայքարում են Մանվել Գրիգորյանի կյանքի համար. փաստաբան

Այսօր առավոտյան կտրուկ վատացել է  Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նրան տեղափոխել են  «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. 168.am-ի հետ զրույցում հայտնեց  Գրիգորյանի շահերի պաշտպան  Լևոն Բաղդասարյանը: ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ավելի քան 7 ամիս բուժվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, դատական նիստերին էլ ներկայանում է շնչառական ապարատներով և բժշկի ուղեկցությամբ:

«Շնչառության  և սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ են առաջացել: Այս պահի դրությամբ դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Չեմ կարող հստակ ասել, թե հիմա ի՞նչ վիճակում է: Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը բազմիցս ներկայացրել է դատարանին բժիշկների ահազանգը, որ անգամ հիվանդանոցային բուժման ընթացքում  կյանքին վտանգ է  սպառնում, և հիվանդությունները գրանցում են բացասական դինամիկա: Բժիշկները ասում էին, որ հաշվի առնելով ՀՀ-ում եղած հնարավորությունները,  հիվանդությունների բարդությունը, Հայաստանում հնարավոր չէ ինտենսիվ բուժում իրականացնել: Միջնորդել էինք, որ  թույլ տային դրսում բուժվել, մերժեցին, դրանից հետո պաշտպանական կողմը միջնորդեց, որ գոնե խափանման միջոց կալանքը փոխեն, հիմք ընդունելով, որ  ոչ միայն կալանքի հիմքերը չկան, այլև առողջության հետ կապված բացասական դինամիկա է գրանցվում, կրկին մերժեցին»:

Մանվել Գրիգորյանի գործով հաջորդ դատական նիստը նախատեսվում է մյուս շաբաթ: Մեր հարցին, թե  Գրիգորյանը կկարողանա՞ ներկայանալ, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց.

«Այսօր բժիշկները պայքարում են կյանքի համար, որ հետ բերեն նրան, դժվարանում եմ ասել՝ ինչ վիճակի մեջ կլինի»:

2019-ի նոյեմբերի 26-ի դատական նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործերն առանձնացվեցին, քանի որ նախկին պատգամավորի առողջական վիճակի պատճառով նիստերն անընդհատ ստիպված էին լինում ընդհատել: Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ գործերի առանձնացումը ոչ իրավաչափ է, որովհետև այն մեկ ընդհանուր գործ է:

«Այսօր Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստ էր, դատավորին առաջարկեցինք, որ միանգամից գնա խորհրդակցական սենյակ և դատական ակտը հրապարակի, նման անօրինական նիստերի արդյունքում ավելորդ ժամանակ է վատնվում, եթե նպատակ ունեն ցուցանիշ ապահովել, թող միանգամից ակտը հրապարակեն»,- եզրափակեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն):

Տեսանյութեր

Լրահոս