«Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի՝ ԼՂ հարցում ՀՀ-ի և Արցախի դիրքորոշումների նույնականացման փորձը». Էլիբեգովա
Կապան քաղաքում հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ ԼՂ հարցի հետ կապված ժառանգությանը՝ մեջբերելով 1in.am-ում հրապարակված հոդվածը, որտեղ խոսվում է յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձից Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան լրագրողների հետ հանդիպմանն անընդունելի համարեց երկրի ղեկավարի կողմից «սևագիր» և անհասկանալի թղթերի ընթերցումը»:
«Ցիտել միայն ադրբեջանական կողմին վերաբերող հատվածը և չտալ հայկական կողմի դիրքորոշման մասը, դա ևս շատ սխալ է»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված պահանջ-կոչին՝ ասել՝ ընթերցված տեքստին կամ ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը դե՞մ են, թե՞ կողմ, ադրբեջանագետն ակնարկեց՝ ադրբեջանական կողմն օգտագործելու է ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի և Արցախի դիրքորոշումների նույնականացման փորձը:
«Օրինակ, երբ հայտարարվում է, որ բացարձականապես նույնական են Ստեփանակերտի և Երևանի մոտեցումներն Արցախի հարցի շուրջ, ադրբեջանական կողմը դա օգտագործում է և ասում՝ այդ դեպքում ինչի՞ եք բերում Ստեփանակերտին բանակցային սեղան, եթե նույնական է, դուք իրենց փոխարեն բանակցեք»,- ընդգծեց Էլիբեգովան՝ հավելելով, որ ՀՀ-ի խնդիրը պետք է լինի ոչ թե հարցեր տալը, այլ ճանապարհ ապահովելը, որ Արցախը հայտնվի բանակցային սեղանին: