«Մենք բոլորս սպասում ենք, թե ե՞րբ պետք է Նիկոլ Փաշինյանը հուժկու փաստարկ ցույց տա, որ Թովմասյանն իրեն քծնել է». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ ներկա պահին շատ բարդ է հասկանալ, թե որևէ պաշտոնյայի կամ ընդդիմադիրի գրառումն ինչքանո՞վ է ողջունվում կամ մերժվում մեդիահասարակության կողմից. ըստ փորձագետի՝ պատճառը թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտի «ֆեյքային ֆաբրիկաներն» են, որոնք մեկնաբանությունների, հավանումների, ստատուսների միջոցով ձևավորում եմ հասարակական կարծիք:  Մեդիադաշտն առհասարակ խեղաթյուրված է, վստահեցնում է  Քոչարյանը: Նրա խոսքով՝ հաճախ են դաշտ նետվում կեղծ, շեղող օրակարգեր:

«Հիմնականում դա արվում է կա՛մ ինչ-որ բանի նախապատրաստվելիս, կա՛մ դրանից հետո, ինչպես, օրինակ՝  Նիկոլ Փաշինյանի կապանյան ելույթի ժամանակ ՍԴ-ին ուղղված մեղադրանքներից, հետագայում խոստացած հուժկու հարվածի մեդիաակցիայի տապալումից հետո մենք տեսանք, որ դաշտ սկսեցին նետվել տարբեր տիպի կեղծ, շինծու օրակարգեր, որոնք փորձեցին շեղել փաշինյանական  մեդիաֆիասկոյից, բայց դա չստացվեց, մենք էլի բոլորս սպասում ենք, թե ե՞րբ պետք է Նիկոլ Փաշինյանը հուժկու փաստարկ ցույց տա, որ Թովմասյանն իրեն քծնել է»:

Կապանյան ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը՝  ղարաբաղյան հարցի առնչությամբ, մեջբերեց մամուլում հրապարակված մի հոդված, որտեղ նշված էր, թե նախկին իշխանությունները պատրաստվում էին Արցախի 7 շրջան հանձնել Ադրբեջանին: Հոդվածն ընթերցելուց հետո վարչապետը մարտահրավեր նետեց Արցախի նախագահի թեկնածուներին՝ հայտնել իրենց կարծիքը, թե համաձա՞յն են, որ այդ կետից շարունակվեն բանակցությունները: Փաշինյանի կոչին արձագանքողներ, իհարկե, եղան, իսկ կարելի՞ է ենթադրել, որ նրանք, ովքեր չարձագանքեցին, համաձայն են  վերը նշված սկզբունքներին:

«Կան թեկնածուներ, որոնք փորձում են շահել Փաշինյանի լոյալությունն իրենց հանդեպ, կան թեկնածուներ, որոնք ավելի շատ հիմնվում են նրա վրա, որ Արցախի նախագահի ընտրությունները Արցախի քաղաքացու որոշելիքն է: Արցախը, այո, Հայաստան է, բայց Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն չէ:  Թող արցախցին որոշի, մի՛ փորձիր ներգործել: Շատերը կասեն՝ բա այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ազդում էին, հա, ենթադրենք՝ ազդում էին, բայց նախ՝ դա ցայտուն չէր, երկրորդն էլ՝ եթե այն ժամանակ ազդում էին, ապա հիմա ինչո՞ւ եք նույնը շարունակում: Դա շատ անիմաստ չելենջ էր, Արցախում չկա մի մարդ, որը կանգնի և ասի, որ ինքը կողմ է տարածքներ հանձնելուն»,- ասաց Քոչարյանը:

Մեդիափորձագետի պնդմամբ, եթե արդեն տարածվել է ինչ-որ տեղեկատվություն, այն  հերքելը բավականին բարդ կլինի, եթե դա չի արվել առաջիկա կես ժամվա ընթացքում: Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ վերջերս բացահայտվել է յութուբյան մի ալիք, որը «ֆեյք» տեսանյութեր է տարածել, որոնք պարունակում են կեղծ ինֆորմացիաներ:

«Դեզինֆորմացիան ավելի շատ մարդ է կարդում, որովհետև այն ավելի ճոխ նյութ է, քան հերքումը: Վարչապետի էջի վրա երկու անգամ յութուբյան ինչ-որ ալիքից նյութեր են տեղադրվել, որոնք հարյուր-հազարավոր դիտումներ ունեցան: Յութուբը, ջնջելով դիտումները, հեռացրել է նաև տեսանյութերը, բայց հեռացումը չունեցավ այն էֆեկտը, որն ունեցավ հրապարակումը»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս