Բաժիններ՝

«Ծանոթ չեմ Աճեմօղլուի հայտարարությանը, բայց մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք». Ռուստամ Բադասյան

Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն օրեր առաջ կոչ էր արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: «Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշել է Աճեմօղլուն:

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղիով, ու այդ վտանգը դեռևս պահպանվում է:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի Դարոն Աճեմօղլուի հայտարարության մասին, ու իրենց քաղաքականությունը ո՞ր ուղղությամբ է գնում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, թե տեղյակ չէ տնտեսագետի այս հայտարարությունից, բայց Աճեմօղլուի հետ իրենք «նույն գծի վրա են»:

«Ծանոթ չեմ պարոն Աճեմօղլուի հայտարարությանը, բայց, եթե չեմ սխալվում, նա միշտ իր աշխատություններում կարևորում է ինստիտուտների կառուցումը և ինստիտուտների միջոցով երկարատև բարեփոխումների իրականացումը: Մենք մասնակցում եեք մի միջոցառման, որը միտված է մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, ընդ որում, այդ մարմնի համար այնպիսի կադրային բազա ստեղծելու, որոնց բարեվարքությունը ստուգվում է: Կարծում եմ, որ պարոն Աճեմօղլուի գաղափարները և ինստիտուտների կայացման իր տեսլականը ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է: Տեսնում եք բոլոր միջազգային կառույցների վերջին արձագանքները, որոնք վերաբերում են մեր բարեփոխումների օրակարգին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական: Այնպես որ, մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ռուստամ Բադասյանը:

Արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կարծիքով՝ իշխանությունը գնում է ոչ թե կոռուպցիայի կանխարգելման, այլ քաղաքական հետապնդումների ուղղությամբ:

Երեկ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն անգամ կարծիք էր հայտնել, որ քաղաքական իշխանությունն իր խոսքի ու գործի մեջ մեծ տարբերություններ է դնում, ու առաջնահերթություն պետք է ընդունել այդ պահին իշխանության ունեցած քաղաքական շահը: Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը միայն հայտարարություններով կամ սեփական քիմքին համապատասխան հակակոռուպցիոն մարմին ձևավորելով չի լինում:

«Ընդդիմադիրները միշտ կարող են իրենց մեկնաբանությունը անել, ազատ են իրենց խոսքում, դրա համար ես վկայակոչեցի նաև միջազգային կառույցների գնահատականը»,- նշեց արդարադատության նախարարը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս