
Դատարանում հետազոտվեց Հայկ Սարգսյանի գործով իրեղեն ապացույց համարվող հրազենը

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության փորձի, և 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի հրազեն պահելու կամ փոխադրելու հատկանիշներով: Մեղադրական եզրակացության համաձայն՝ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված և պահվող հրազենով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինի որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքների պատճառով:
Այսօրվա դատական նիստի ընթացքում հետազոտվեց գործում առկա իրեղեն ապացույց համարվող հրազենը: Այն դատարանին ներկայացվեց փակ՝ անվնաս փաթեթով, որը բացեց դատախազը:
«Փաթեթում առկա է ատրճանակ, սև գույնի, 7421366 դրոշմված համարով, Պ226 մոդելի»,- հրազենը հետազոտելով՝ ասաց դատախազը:
Պաշտպանական կողմը չցանկացավ հրազենը հետազոտել:
Այսօրվա դատական նիստում դատախազությունը կրկին չէր կարողացել ապահովել վկա Աշոտ Սիմոնյանի ներկայությունը: Նա այժմ ԱՄՆ-ում է և, դատախազի խոսքով, փորձում են այս պահին նրա հետ տեսակապով հաղորդակցվել և այդ կերպ դատարանի առաջ հարցաքննությունն իրականացնելու հնարավորություն ստեղծել: Ուստի խնդրեց հետաձգել նիստը՝ վկայի հարցաքննությունն ապահովելու համար:
Պաշտպանական կողմի բնորոշմամբ՝ անթույլատրելի է նման պատճառաբանությամբ դատական նիստերի հետաձգումը, ինչն էլ առաջացնում է խնդիրներ ողջամիտ ժամկետում գործի քննություն իրականացնելու համար:
Այդուհանդերձ, դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել՝ վկայի հարցաքննությունն ապահովելու համար ևս մեկ հնարավորություն տալու նպատակով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին: