
Վարչապետի մոտ քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ գնահատվել են հանրապետությունում առկա բոլոր տեսակի անշարժ գույքերն ըստ տեսակների: Դրանց թիվն, ընդհանուր առմամբ, կազմում է 1 մլն 279 հազար: Ըստ այդմ, ներկայացվել են նոր համակարգով տարբեր գոտիներում նախատեսվող գույքահարկի տեսակները, որոնց նպատակն է՝ բարձրացնել հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:
Վարչապետը կարևորել է գույքահարկի ոլորտում բարեփոխումների իրականացումը և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ՝ համակարգում նախատեսվող կարգավորումների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև առաջիկայում մշակել նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական նախագիծը, որը կդրվի նաև հանրային քննարկման: