«Մենք վաղը նախապես ունեինք պլանավորված հանդիպում ոստիկանապետի հետ. այս հարցն ուղղելու ենք նրան». Լիլիթ Մակունցը՝ երեկվա դեպքերի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունն այնքան է քննարկվել, որ այլևս հավելյալ անդրադարձի կարիք չկա:

«Ես ունեմ տեսակետ բոլորի հարցերի վերաբերյալ, բոլոր հարցերի առնչությամբ հնչել են մեկնաբանություններ, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցությունից՝ հանրային կերպով: Մենք արձանագրել ենք, որ տվյալ պարագայում գրիչն ընդամենը խորհրդանիշ էր, սիմվոլիկա»,- այսօր խմբակցության ճեպազրույցի ժամանակ ասաց Լիլիթ Մակունցը:

Անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքին, Լիլիթ Մակունցն ասաց, որ վաղ կենսաթոշակից օգտվելը դատավորների իրավունքն է:

«Եթե նրանք չեն ցանկանում օգտվել այդ օրենքից, ապա դա նույնպես նրանց իրավունքն է, ուղղակի անհրաժեշտ եմ համարում ընդգծել, քանի որ տարբեր աղբյուրներում տարբեր կերպ նշում են այս կամ այն ճնշումների մասին, ուզում եմ ասել, որ դա պարզապես իրավունք է»,- շեշտեց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ այս օրենքով ՍԴ դատավորներին հնարավորություն է տրված, որպեսզի իրենք արժանապատիվ հեռանան: Նաև հիշեցրեց, որ այդ հնարավորությունը դեռևս այս պահին գործում է, և «այդ պատուհանը դեռևս բաց է»:

«Բոլոր քայլերն արվել են, որպեսզի ՍԴ դատավորները մասնակցեն ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծմանը, որպես ՀՀ ապագայով շահագրգիռ մարդիկ՝ մասնակցեն դրան և հանդես չգան ընդդեմ Հայաստանի: Օրենքը վերաբերում է ՍԴ-ի անդամներին, այն չի վերաբերում Հրայր Թովմասյան անձին»,- ընդգծեց պատգամավորը:

Ճեպազրույցի ժամանակ Լիլիթ Մակունցն անդրադարձավ նաև երեկվա դեպքերին, երբ իրավապահները բերման էին ենթարկել «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին և մի քանի այլ անձանց:

«Իրավապահ մարմինները պետք է ներկայացնեն, թե ինչ հիմքով են գործողություններ ձեռնարկել, և քանի դեռ նրանք չեն ներկայացրել, ապա ճիշտ չէ այդ իրադարձությանը գնահատականներ տալ: Մենք վաղը նախապես ունեինք պլանավորված հանդիպում ոստիկանապետի հետ, վաղը մենք այս հարցն ուղղելու ենք նրան, ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա, եթե կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են, դրա համար կա օրենք»,- ընդգծեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս